Նոյեմբերի 10-ից կա հրաժարականի հանրային պահանջ. մնացած բոլոր օրակարգերը կեղծ են. Էդմոն Մարուքյան

«Ընդդիմադիր դաշտում նոյեմբերի 10-ից եղել է մի պահանջ՝ վարչապետը պետք է հրաժարական տա, խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձևավորվել էր կոնսենսուս -1»,-  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության երեկվա հայտարարությանը:

«Ի պատասխան այս հայտարարությունների, ձևավորված հանրային ակնկալիքների և պահանջարկի՝ վարչապետը հայտարարում է՝ ես առաջարկում եմ ձեզ անել ընտրություններ»,- իր միտքը շարունակեց ընդդիմադիր պատգամավորը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունենալուց հետո «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջ հանրային լայն շրջանակներում չկա և որ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը բացասաբար է ընդունվել խորհրդարանական ընդդիմության շրջանում նույնպես:
 
 Մարուքյանի կարծիքով՝ արտահերթ ընտրություններ լինելու են. «Փորձ է արվում գնդակը նետել ընդդիմության դաշտ: Իրականում գնդակը իրենց դաշտում է, նոյեմբերի 10-ից սկսած՝ կա հրաժարականի հանրային պահանջ: Այդ պահանջը մնում է ուժի մեջ: Մնացած բոլոր օրակարգերը կեղծ են»: