Թմրանյութի շրջանառության դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Գյումրու 48-ամյա բնակիչը պահում, օգտագործում և իրացնում է թմրամիջոց:


Նոյեմբերի 25-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Շիրակի մարզային վարչություն, որտեղ հայտնել է, որ պատրաստ է ներկայացնելու թմրամիջոցը:


Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրավապահներին է ներկայացվել 2 փաթեթ և մոխրացված հետքերով կաթուցիչ:


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը թմրանյութը ձեռք է բերել Գյումրու 43-ամյա բնակչուհուց: Նույն օրը նա նույնպես ձերբակալվել և տեղափոխվել է Շիրակի մարզային վարչություն, որտեղ հաստատել է, որ թմրանյութն ինքն է իրացրել: Հայտնել է նաև, որ համաքաղաքացուն մեկ ուրիշ օր ևս թմրանյութ է իրացրել:


48-ամյա տղամարդն ու 43-ամյա կինը տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:


Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը ևս Գյումրի քաղաքում էր: Ըստ ստացված օպերատիվ տվյալների՝ Մուշ թաղամասի բնակիչ 46-ամյա տղամարդը տան նկուղում պահում, օգտագործում և իրացնում է թմրամիջոց:


Նոյեմբերի 29-ին քրեական ոստիկանները այցելել են նշված հասցե: Տղամարդը հայտնել է, որ ունի մեծ քանակությամբ կանեփ տեսակի թմրանյութ և պատրաստ է այն ներկայացնել:


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում գյումրեցի տղամարդը իրավապահներին է ներկայացրել ընդհանուր շուրջ 1 կգ դեղնականաչավուն զանգվածով 6 տարա:


Գյումրեցի 46-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:


Նախաձեռնված քրեական վարույթները շարունակվում են: