Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսելով ՀԱՊԿ-ի
մասին՝ հայտարարեց, որ մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, անդառնալիության
կետը անցել ենք, ինչ ուզում են՝ թող որոշեն։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի
փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։
«Ես սա կմեկնաբանեմ որպես ևս
մեկ քայլ այն աննշան փոքր քայլերից, որոնք անում է Հայաստանի վարչապետը ՀԱՊԿ-ից դուրս
գալու ճանապարհին. իհարկե լավ է, որ ուղղությունը դեպի ՀԱՊԿ-ից դուրս գալն է, բայց
վատ է, որ, ինչպես նշեցի, այդ քայլերն աննշան փոքր են։ Ամիսներ առաջ վարչապետը խոսել
էր այն մասին, թե հաջորդ քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը, բայց ո՞ւր է այդ ՀԱՊԿ-ից
դուրս գալը։ Մարդիկ սպասում են, Հայաստանի հասարակությունը սպասում է, և սովորական,
իրենց առօրյայով զբաղված մարդկանցից մինչև
ակտիվ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց մեջ շատ մեծ հարցական կա, թե ինչու այդ խոսակցություններն
արդեն երկար ժամանակ իրականություն չեն դառնում, և ինչու Հայաստանը հայտ չի ներկայացնում
ՀԱՊԿ-ը լքելու»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։
Հարցին, թե Եվրամիության ուղղությունը
վերցնելու դեպքում արդյոք ԵՄ-ն կհամաձայնի՞, որ ՀԱՊԿ-ից դուրս գանք, բայց մնանք ԵԱՏՄ-ում,
քաղաքագետն ասաց, որ ԵՄ-ն կարող է համաձայնվել, բայց ԵՄ-ն ինչ-որ ակումբ չէ, որի դուռը
բացում մտնում ես, փակում են հետևիցդ, և վերջ, ԵՄ-ն բազմամակարդակ համագործակցության
հարթակ է, որի տարբեր մակարդակներում տարբեր պահանջներ կան անդամների նկատմամբ։
«Իհարկե, այն մակարդակում, որում
մենք գտնվում ենք, ԵՄ-ի համար այնքան էլ կարևոր չէ՝ մենք ԵԱՏՄ անդամ ենք, թե ոչ, բայց
եթե մենք ցանկանում ենք մեկ այլ մակարդակ տեղափոխվել, օրինակ՝ ունենալ ազատ առևտրի
համաձայնագիր ԵՄ-ի հետ, ապա ակնհայտ է, որ մենք չենք կարող լինել ԵԱՏՄ-ում, որովհետև
նույնիսկ եթե հոգեբանական, աշխարհաքաղաքական գործոնները հաշվի առնենք, զուտ ֆիզիկապես
հնարավոր չէ համատեղել ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի մաքսային կարգավորումները
և Եվրասիական տնտեսական միության մաքսային կարգավորումները։ Դա նշանակում է, որ ինչ-որ
մի փուլում, երբ արդեն Հայաստանն այդ մակարդակի
բարձրանալու հայտ ներկայացնի, բնականաբար Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ից դուրս գա։
Ես համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունները հաշվարկել են, որ գալու է այդ պահը,
երբ այլևս մենք չենք կարող լինել Եվրասիական տնտեսական միությունում»,- հավելեց քաղաքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան