Երևանի ավագանիում ներկայացված «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Հայկ Գրիգորյանը «ՍիվիլՆեթի» Արշալույս Մղդեսյանի հետ հարցազրույցում պատմում է, թե ինչու են բաժանվել ճանապարհները նախկին դաշնակցի՝ Հայկ Մարությանի հետ, և ինչու է Մարությանի՝ տրանսպորտի թանկացման դեմ պայքարը անիմաստ՝ առանց քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնանկության։
Գրիգորյանը նշում է, որ վաղուց են իրենց ու Մարությանի
ճանապարհները բաժանվել. տարաձայնությունները առաջացել են շուրջ մեկ տարի առաջ։ Գրիգորյանը նշեց, որ անհամաձայնություններ ունեն նաև տրանսպորտի թանկացման դեմ պայքարում Հայկ Մարությանի նախաձեռնած
ստորագրահավաքի հետ կապված։ Հայկ Գրիգորյանի կարծիքով՝ այդ ստորագրահավաքը որևէ
իրավական հետևանք չի ունենալու։ «Մենք կարծում ենք, որ այդ ստորագրությունները,
որոնք որևէ կերպ չեն վալիդացվում, այսինքն՝ միայն անուն, ազգանուն և
ստորագրություն է դրվում, իրավական հետևանք չի ունենալու»,- ասաց Հայկ Գրիգորյանը։
Վերջինս նշեց, որ փոխարենը առաջարկել են իմպիչմենտի
գործընթաց սկսել, ինչին, սակայն, Մարությանն ու իր թիմակիցները հրաժարվել են
միանալ՝ տարբեր պատճառաբանություններով։
Նկատենք, որ Հայկ Մարությանը արդեն երկրորդ անգամ անընդմեջ է
տարաձայնություններ ունենում իր թիմի հետ ու կարճ համագործակցությունից հետո
բաժանվում։ Առաջին անգամ Մարությանը հեռացավ «Քաղաքացիական պայմանագրից»։ Ընդ
որում՝ ստեղծելով տպավորություն, թե միակ աշխատողն ու վերջին ճշմարտությունը,
հեղափոխության արժեքների կրողն ու գաղափարախոսն ինքն է, և ահա ՔՊ-ն էր, որ
շահադիտական ինչ-ինչ դրդապատճառներով, հեղափոխության արժեքներից հեռացած լինելու
պատճառով հեռացրեց «ոչ ձեռնտու» թիմակցին։
Իսկ ո՞վ է մեղավոր հիմա, երբ Մարությանը անընդմեջ երկրորդ
անգամ խզում է հարաբերությունները մյուս թիմի՝ «Ազգային առաջընթացի» հետ։
«Քաղաքացիական պայմանագի՞րն» է դրդել, թե՞
«Ազգային առաջընթացն» էլ է դավաճանել հեղափոխության արժեքներին ու գաղափարներին,
ու հանրապետությունում այդ արժեքների միակ կրողն ու ռահվիրան Մարությանն է մնացել։
Փորձեցինք նաև Մարությանի թիմից մեկնաբանություն ստանալ՝
«Ազգային առաջընթացի» ու Մարությանի թիմերի տարաձայնությունների, բաժանման
պատճառների, ինչպես նաև իմպիչմենտին Մարությանի ու իր թիմակիցների չմիանալու
պատճառների վերաբերյալ։ Սակայն Մարությանի թիմից Երևանի ավագանու անդամ Իզաբելլա
Աբգարյանը հրաժարվեց մեկնաբանություն տրամադրել մեր լրատվամիջոցին։ Չմեկնաբանեց
նաև ստորագրահավաքի վերաբերյալ Հայկ Գրիգորյանի գնահատականները։
Վովա Հակոբյան