«Պողոսն այդ պահին բղավեց՝ բարև, Ռոբիկ...». ՀՅԴ-ն 23 տարի անց նորից ուրացավ իր կուսակցի հիշատակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկու օր առաջ ԱԺ-ում ունեցած  որոշ հայտարարություններ ստիպել էին  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին ժամանակ վատնել, ելույթի տեքստ գրել, «ծանր տեղը թեթևացնել»՝ մոտենալ ԱԺ գլխավոր ամբիոնին  ու կետ առ կետ հակադարձել իրենց՝ ընդդիմության համար օրակարգ թելադրող Փաշինյանին։


Զարկ տալով ստեղծագործական մտքի ողջ կարողությանը՝ Քոչարյան կրտսերը, ակնհայտորեն զսպելով լարվածությունը, մասնավորապես անդրադարձավ վարչապետի հայտարարության այն դրվագին, որում Ղարաբաղի հարցի լուծումը համեմատել էր հղիության տևողության հետ։ «Արցախը համեմատում է հղի կնոջ հետ, այդ համեմատության կոնտեքստում Արցախը ծնվել էր վաղուց, բոլոր դժվարություններով հանդերձ՝ մեծանում էր, որին պետք էր խնամել ու պաշտպանել այնքան ժամանակ, քանի դեռ չէր ստացել իր սեփական անձնագիրը։ Եթե համեմատությունը նա տանում է հղի կնոջ հետ, ապա պետք է ասել, որ այդ հղի կնոջ հետ նա վարվեց նույն կերպ, ինչպես վարվեց իր շարասյունն իրական հղի կնոջ հետ՝ սպանեց»։ Ի դեպ, հղի կնոջ սպանության դեպքը անթաքույց ցինիզմով օրերս շահարկեց նաև ավագ Քոչարյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքով դատաքննության ավարտից հետո։ «Հղի կինը վթարի ենթարկվեց և սպանվեց, ո՞վ պատժվեց։ Նույնիսկ աշխատանքից չեն հեռացրել, նույնի՛սկ աշխատանքից, համոզված եմ՝ եթե ստուգեք, պարզվելու է, որ մի հատ էլ լավ պարգևավճար է ստացել։ Իսկ դուք գիտե՞ք, որ առաջին դեմքի շարասյան մեջ բժիշկ է լինում։ Գոնե չեն կանգնել, գոնե բժշկին չեն ասել՝ գոնե կանգնենք, այդ կնոջն օգնենք, տարեք հիվանդանոց։ Բայց շատ սիրուն ասում են՝ ժողովուրդ ջան, սիրում ենք ձեզ, գիշեր-ցերեկ միայն ձեր մասին ենք մտածում»,- հայտարարել էր Քոչարյանը։  


Հղի կնոջ (Սոնա Մնացականյանի) հետ տեղի ունեցած  դժբախտ պատահարը հետևողականորեն շահարկող հայր և որդի Քոչարյաններին այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց  ՀՅԴ-ական Պողոս Պողոսյանի սպանության դեպքը, որը տեղի էր ունեցել Քոչարյանի «ախռաննիկներից» մեկի՝ Աղամալ Հարությունյանի գործուն մասնակցությամբ։ Սիմոնյանը, ցույց տալով մի լուսանկար, որում պատկերված էր Պողոս Պողոսյանը, հարց հղեց հայաստանականներին՝ «երբ որ խոսում եք հղի կնոջ սպանության մասին, էս ո՞վ է, ճանաչո՞ւմ եք էս մարդուն»։  Ապա նկատեց՝  լուսանկարում պատկերված մարդը սպանվել է Լևոն Քոչարյանի հորը անունով դիմելու համար։ Ինչն է զարմանալի, որ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը մի քանի անգամ նիստերի դահլիճի իր տեղից, մինչ խոսում էր Ալեն Սիմոնյանը,  բղավեց՝ «մինչև հիմա ապացուցված չէ...»։ Ուզում ենք ճշգրտել՝ ի՞նչը ապացուցված չէ, պարոն Մանուկյան, այն, որ ՀՅԴ-ական իրենց գործընկերը սպանվե՞լ է Քոչարյանի «ախռաննիկի» ձեռամբ, թե՞ այն, որ սպանությունը տեղի է ունեցել «պրիվետ, Ռոբիկ»-ի պատճառով։   


Մեզ, անկեղծ ասած, չզարմացրեց ՀՅԴ-ական պատգամավորի նման արձագանքը, քանի որ երբ խոսվում է Պողոսյանի սպանության մասին, զուգահեռաբար (պարտադիր) հիշվում է նաև այդ օրերին Քոչարյանի «թևի տակ մտած» ՀՅԴ-ի կեցվածքը տեղի ունեցած ողբերգական միջադեպին։ ՀՅԴ-ն այդ միջադեպից հետո մշտապես քննադատվել է իր, շատերի գնահատմամբ, ոչ բարոյական կեցվածքի համար։ Դաշնակցությունը Պողոսյանի սպանության  հետաքննության ավարտից հետո մեղադրանքներն ուղղել էր Դատախազությանը՝  պնդելով, որ այն «չի կարողացել բացահայտել բոլոր հանցագործներին», սակայն, ինչպես տարիներ առաջ արձանագրել էր «Ազատությունը»,  «ազդեցիկ ազգայնական կուսակցությունը ձեռնպահ էր մնացել նախագահ Քոչարյանին մեղադրելուց»։ Ինքը՝ Գեղամ Մանուկյանը, որն այդ ժամանակ ՀՅԴ ԳՄ հասարակայնության հետ կապերի ու լրատվության պատասխանատուն էր, հայտարարել էր. «Այն փաստը, որ գործով միայն մեկ մարդ է մեղադրվել, վկայում է, որ հետաքննությունը թերի է անցկացվել»։ Ողբերգական միջադեպի հետաքննությունը եզրակացրել էր, որ ջավախքաբնակ Պողոսյանը մահացել է նախագահի անվտանգության ծառայության աշխատակից  Աղամալ Հարությունյանի հետ քաշքշուկի հետևանքով։  Հարությունյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի՝ անզգուշությամբ կատարված սպանության հատկանիշներով մեղադրանք էր առաջադրվել: Այդ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը 3 տարվա ազատազրկումն էր: (Ուշագրավ է, որ դեպքից հետո քրեական գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածի՝ դիտավորյալ սպանության հատկանիշներով: Այս հոդվածով օրենքն ավելի մեծ պատիժ էր սահմանել, բացի դրանից՝ կոնկրետ դեպքի համար կարող էր նաև պաշտոնեական դիրքն ի չարս գործադրելու մեղադրանք առաջադրվել):
Հարկ է նկատել, որ դեռ այդ ժամանակ սպանվածի ազգականները և որոշ իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում «Հյուման ռայթս ուոթչ»-ը,  պնդում էին, որ Պողոսյանին ծեծելով սպանել են նախագահի անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ: «Մենք չենք քաղաքականացնելու խնդիրը, - ասել էր Գեղամ Մանուկյանը
՝ պատասխանելով Դաշնակցության հետագա քայլերին վերաբերող հարցին:- Շատ բան կախված է դատավարության ընթացքից: Այն ցույց կտա՝ արդյո՞ք բոլոր հայերը հավասար են օրենքի առջև, թե՞ կան արտոնյալներ»: Մանուկյանն, ի դեպ, հրաժարվել էր մեկնաբանել «Հյուման ռայթս ուոթչ»-ի  պնդումը, թե «Քոչարյանի՝ նախաքննությանը ցուցաբերված հրապարակային աջակցությամբ հանդերձ, իրականությունն այն է, որ իրավապահ մարմինները վկաներին՝ ցուցմունքներ տալու դեպքում, անվտանգության երաշխիքներ չեն տվել»:   
«Տասնյակ վկաներ տեսել են, թե ինչպես են թիկնապահները ծեծում Պ. Պողոսյանին դեռ «Առագաստ» սրճարանում, սակայն հնարավոր հետևանքների նկատմամբ վախն ու դրանով պայմանավորված դավադիր լռությունը հանգեցրել են նրան, որ նախաքննությունն ականատեսների ցուցմունքներ չի ունեցել»,-ասված էր միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:



Գեղամ Մանուկյանը, սակայն, հակադարձել էր, թե «միայն վախը չէ, որ հետ է պահում մարդկանց ցուցմունքներ տալուց... Դա դարձել է մեր ժողովրդի հոգեկերտվածքի առանձնահատկություններից մեկը»:



Գեղամ Մանուկյանի և Քոչարյաններին սատարող ժողովրդի «հոգեկերտվածքը», փաստորեն, 2018-ից այս կողմ էվոլյուցիա է ապրել, նրանք  հաղթահարել են վախի զգացումը, ազատ, անկաշկանդ ցուցմունքներ են տալիս, ավելին՝ չեն վախենում  երկրի  ղեկավարի և այլ պաշտոնյաների հասցեին (մեղմ ասած) անլվա խոսքեր ասելուց, քանի որ համոզված են, որ այդ խոսքերի համար զուգարաններում, դալաններում (ողորմի ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանին) և այլազան վայրերում  չեն ծեծվի, եթե կուզեք՝  շանսատակ չեն արվի՝ արժանանալով  Պողոսյանի ճակատագրին։  


 

Ի դեպ, 2003-ին, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում  Պողոս Պողոսյանի եղբայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, հայտնել էր, որ դուրս է եկել ՀՅԴ-ից, որին անդամակցում էր 1991-ից։  Նա Դաշնակցությունը համարել էր իր համար «խորթ» կուսակցություն և այն լքելու իր որոշումը պատճառաբանել էր հենց Պ. Պողոսյանի հանգամանքով։  «Եղբորս սպանությունը, դրան հետևած չակերտավոր դատավարությունը ցույց տվեցին, որ ՀՅԴ-ն հեռացել է իր ծրագրից ու գաղափարներից։ ...ՀՅԴ-ի հիմնական նպատակը հայ մարդուն պաշտպանելն է՝ անկախ նրա քաղաքական պատկանելությունից: Բայց նա իր կուսակցի հիշատակը չպաշտպանեց, իմ մնալը այնտեղ լիովին անիմաստ էր։ Մանավանդ որ նոյեմբերին պետք է տեղի ունենար ՀՅԴ Գերագույն ժողովը, որը պաշտպանելու էր Ռոբերտ Քոչարյանին: Իսկ ինչպես ես կարող էի լինել մի կուսակցության անդամ, որը պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին, որի թիկնապահները գազանաբար սպանել են եղբորս: Այժմ արդեն համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց, որ Պողոս Պողոսյանի գործով դատավարությունը ընթանա արդար հունով»,- ասել էր  Պողոսյանի եղբայրը։

 

Հատուկ պարոն Մանուկյանի համար մեջբերենք Հ. Հարությունյանին  20 և ավելի տարի առաջ ներկայացված մեղադրանքից մի հատված. «Ազգային անվտանգության նախարարության աշխատակից Ա. Հարությունյանը, 2001թ. սեպտեմբերի 25-ին ժամը 24-ն անց 30-ի սահմաններում Երևանի «Առագաստ» սրճարանից Հանրապետության նախագահին և վերջինիս հյուրերին ուղեկցելու ընթացքում լսելով սրճարանի հաճախորդ Պողոս Պողոսյանի անպարկեշտ արտահայտությունները, քիչ անց վերադարձել է այնտեղ ու տեսնելով, որ վերջինս վիճաբանում է իրեն կարգի հրավիրող նույն նախարարության աշխատակից Գուրգեն Արսենյանի և այլ քաղաքացիների հետ, մոտեցել է նրան, կարգի հրավիրել, ապա նրա հետ մտել սրճարանի զուգարան, որտեղ փոխադարձ քաշքշուկի և հարվածների ընթացքում ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողոս Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել՝ գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է»:   

Գործով վկա, տուժողի ընկեր Ստեփան Նալբանդյանի դատական ցուցմունքի համաձայն՝ իրենք (Պողոս Պողոսյանը, Յուրա Նավոյանը և ինքը՝ Նալբանդյանը) տեղյակ էլ չէին, որ ՀՀ նախագահն այնտեղ է լինելու: Երբ տեսնում են իրենց սեղանի մոտով անցնող նախագահին, «Պողոսը այդ պահին բղավեց՝ բարև, Ռոբիկ: Թիկնապահներից մեկն ասաց, եթե չեմ սխալվում՝ լափառոշ, ձայնդ կտրիր»: Ըստ Նալբանդյանի՝ 10-15 րոպե հետո մոտենում է մի երիտասարդ ու շատ քաղաքավարի մի կողմ հրավիրում Պողոսյանին: «Մի քանի րոպեից,- դատարանում հայտարարել էր Ստեփան Նալբանդյանը,- տեսանք, որ զուգարանի կողմը համախմբված են... Վազեցի, հասա... ես ինքս դուռը քաշելով մի կերպ մտա ներս, դիմացից մեկը հարվածեց իմ դեմքին, ինքս սկսեցի գոռալ՝ տղան գինովցած է, մի խփեք, արանքներով գնում էի դեպի Պողոսը, հասա այն պահին, երբ մեջքի վրա զուգարանում պառկած էր...»:


 «Կուկու» մականվամբ   Աղամալ  Հարությունյանը, հիշեցնենք,   դատապարտվել էր երկու տարվա պայմանական ազատազրկման:


Այս գործը հեղափոխությունից հետո շուրջ 20 տարի անց վերաբացվեց։  Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 2021-ին վերսկսվեց Գլխավոր դատախազության բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանի կողմից բեկանված  Պ. Պողոսյանի սպանության գործի քննությունը։  Գործը վերաքննիչ  դատարան ուղարկած դատախազ Հայկ Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ ականատես, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի հայտարարությունները վկայում են, որ Պողոս Պողոսյանին կյանքից զրկել են ոչ թե անզգուշությամբ, այլ նրան դիտավորյալ, խուլիգանական դրդումներով սպանել են մի խումբ անձինք։ «Մենք հաստատված համարել ենք, որ Աղամալ Հարությունյանը միայնակ չի կատարել այդ հանցագործությունը, այլ մի խումբ անձինք ևս մասնակցել են իր հետ Պողոս Պողոսյանին ծեծի ենթարկելուն»,-նշել էր Խաչատրյանը:


Հիշեցնենք, որ ըստ իրավապահների՝ եթե 2001-ին փորձագետները եզրահանգել էին, որ Պողոսյանի մահը վրա է հասել ընկնելու հետևանքով, ապա, երբ մահվան գործը վերաբացվեց, փորձաքննությունը տրամագծորեն հակառակ պատկեր էր արձանագրել՝  ջավախքցի տղամարդը մահացել է ծեծի հետևանքով։


Ի դեպ, Ռ. Քոչարյանն այս միջադեպից մի քանի օր անց  ցինիզմի  բարձր պիլոտաժ էր սահմանել և հայտարարել՝ եթե  Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար:


Հեղինե Մանուկյան