ՀԱՊԿ-ից դուրս չգալու հորդոր եղել է Արևմուտքից, հիմա չկա․ ժամանակն է դուրս գալ այդ կառույցից

ՀԱՊԿ-ից դուրս գալ Հայաստանը հապաղել է Արևմուտքի մասնավորապես՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հորդորով։ Այդ հորդորը եղել է 2022 թվականին։ Հիմա, սակայն, նման հորդոր Արևմուտքից այլևս չկա։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։


Նրա կարծիքով՝ հիմա ճիշտ ժամանակն է ՀԱՊԿ-ից դուրս գալու, և ՌԴ-ի նկատմամբ որպես ճնշման գործիք պահել ԵԱՏՄ-ից դուրս գալը։


Իսկ Արևմուտքի պահվածքում որոշակի փոփոխություններն ու Պուտինի հետ շփումները, Խուրշուդյանի կարծիքով, պայմանավորված են Դոնալդ Թրամփի ընտրվելով ու նրա արտահայտած դիրքորոշումներով։ «Բնականաբար, ԵՄ-ն ուզում էր իզգոյ սարքել Ռուսաստանին, չէին խոսում հետը, հիմա, եթե տեսնում են, որ Միացյալ Նահանգները արդեն սկսելու է բանակցել Պուտինի հետ, պարզ է, իրենք էլ իրենց կողմից պետք է փորձեն ինչ-որ կամուրջներ ձևավորել, որ այդ բանակցություններում իրենք էլ մաս կազմեն»,- ասաց Խուրշուդյանն ու նկատեց, որ Շոլցի զանգին հետևել են նաև Ուկրաինա մեկնումն ու զենքի տրամադրումը Ուկրաինային։


Խուրշուդյանը վստահ է, որ Ռուսաստանն է ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող թեզերի հովանավորը, թե Հայաստանը ցանկանում է «փոքրիկ հաղթական պատերազմ սկսել ընդդեմ Ադրբեջանի»։


«Կարծում եմ՝ դա ռուսական պրոպագանդայի արդյունք է՝ Ալիևի միջոցով։ Այսինքն՝ Ալիևին ասում են՝ լավ, չես հարձակվում՝ ոչինչ, գոնե շառ արա, որ իրենք են հարձակվելու, բալքի մի բան ստացվի, բայց չի ստացվում»,- ասաց Խուրշուդյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան