Արարատ Միրզոյանը և Պոլ Ռիչարդ Գալագերը քննարկել են Հայաստանի և Վատիկանի միջև փոխգործակցության հարցեր

Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների​​ քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ: Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։


Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վատիկանի միջև փոխգործակցության հարցեր։ 


Արարատ Միրզոյանը և Պոլ Ռիչարդ Գալագերն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ջանքերին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորությունը և այն բաց չթողնելու հարցում ՀՀ-ի կողմից հստակ արտահայտված քաղաքական կամքը։ 


Անդրադարձ է կատարվել մարդասիրական բնույթի, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրների: