Գրանցված հանցատեսակների թվաքանակը ս.թ. հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Վիճակագրական կոմիտե»-ի հրապարակած «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2024 թվականի հունվար-հոկտեմբերին» տեղեկանքից։ Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակաշրջանում 2024 թվականին արձանագրվել է 31 հազար 598, 2023 թվականին՝ 31 հազար 320 հանցագործություն։ Ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվն այս տարվա հունվար-հոկտեմբերին աճել է՝ նախորդ տարի արձանագրվել է 14 712, այս տարի՝ 15 044 դեպք։ Ծանր հանցագործությունների թիվն էլ նախորդ տարվա համեմատ նվազել է ՝ 4 313 դեպք 4 700-ի դիմաց։ Առանձնապես ծանր հանցագործությունները, մինչդեռ, նախորդ տարվա համեմատ աճել են՝ 1 445 դեպք նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 1 425 դեպքի դիմաց։
Վիճկոմիտեի տվյալները վկայում են, որ մի շարք հանցագործությունների գծով ևս հաշվետու
ժամանակաշրջանում արձանագրվել է նվազում։ Մասնավորապես նվազել են պետական իշխանության,
ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ արձանագրվել է այդպիսի
հանցագործությունների 3 685 դեպք, իսկ ահա նախորդ տարի այդ թիվը 3 918 էր։ Պաշտոնեական լիազորությունները
չարաշահելու կամ անցնելու 387 դեպք է գրանցվել
(նախորդ տարի՝ 461), կաշառք ստանալու, տալու,
կաշառքի միջնորդության 344 դեպք է արձանագրվել (նախորդ տարի՝ 461), իշխանության ներկայացուցչի
նկատմամբ բռնություն գործադրելու 96 դեպք է գրանցվել (նախորդ տարի՝ 107)։ Նվազել են
նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունները՝
այս տարի հունվար-հոկտեմբերին 2 858, նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 2 889 դեպք։
Հաշվետու ժամանակահատվածում գրանցված` կոռուպցիոն բնույթի հանցագործությունների
պատկերն էլ այսպիսին է՝ 1 149 դեպք նախորդ տարվա հունվար-հոկտեմբերին, 901 դեպք՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին։
Գրանցված հանցագործություններից մասնավորապես 13 996-ն արձանագրվել
է Երևանում։ Նկատենք, որ այս ցուցանիշը նույնպես նվազել է՝ նախորդ տարի 10 ամսվա ընթացքում մայրաքաղաքում արձանագրվել
էր հանցագործության 15 676 դեպք։
Հ. Մ.