Ալիևը միայն բերանն է, խոսողը ՌԴ-ն է. խաղաղության օրակարգը ամենօրյա պայքար է ընդդեմ դրա թշնամիների

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄՆ-ում հանդիպում է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի հետ, մանրամասներ ներկայացրել ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ և նշել համագործակցության առաջնային ուղղությունները։ Քարտուղար Օսթինը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին աջակցությունը շարունակելու հարցում։ Քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:


«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այս հանդիպումն ուշացած էր, սակայն պակաս կարևոր չէր։ Միաժամանակ նա նկատեց, որ ամերիկյան կողմը այս այցը պատմական էր որակել։ Հաջորդ վարչակազմը ժառանգելու է այս հարաբերությունները։ Սա, Մեհրաբյանի կարծիքով, Միացյալ Նահանգների ռազմավարությունն է, ոչ թե Դեմոկրատական կուսակցության։ Իհարկե, հավելյալ ջանքեր պետք է գործադրվեն, որ Թրամփի վարչակազմի առաջնահերթությունները չփոխվեն։


Պապիկյանը ԱՄՆ-ում հանդիպել է նաև Հունաստանի իր պաշտոնակցի հետ։ Մեհրաբյանն այս հանդիպումը ևս կարևորեց, հիշեցրեց, որ Նիկոս Դենդիասը նախկինում Հունաստանի արտգործնախարարն էր, որը 2020-ի կովիդ համավարակի և պատերազմի օրերին ժամանեց Երևան ու աջակցության ձեռք մեկնեց Հայաստանին։


«Շատ մեծ պատրանք է ընկալումը, թե Ալիևն է այս խոսակցության սուբյեկտը։ Ալիևը միայն բերանն է, խոսողը Ռուսաստանն է»,- այսպես արձագանքեց Ռուբեն Մեհրաբյանը Ալիևի այն հայտարարություններին, թե հայկական կողմը պետք է խոսակցություն սկսի ադրբեջանցիների հետ, որոնք ցանկանում են «վերադառնալ իրենց պատմական հայրենիք»։


Մեհրաբյանը վստահ է, որ Ալիևը շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի կնքմամբ, նա դա կանի այն ժամանակ, երբ ստիպված կլինի, այլ կերպ ասած՝ Հայաստանը նրան այլ տարբերակ չի թողնի։ «Իսկ չթողնելու հարցը լուծվում է հարակից հարցերում մեր առաջընթացով։ Հարակից հարցեր ասելով նկատի ունեմ Ռուսաստանի ներկայության լիկվիդացիա Հայաստանում, ֆորմալ պարտավորությունների խզում Հայաստանի կողմից, Արևմուտքի հետ մեր հարաբերությունները դաշնակցայինին հասցնելու գործընթաց, ԵՄ անդամակցությանը միտված քաղաքականություն, բանակի արդիականացմանը միտված քաղաքականություն՝ այն, ինչի համար Պապիկյանը մեկնել է ԱՄՆ»,- ասաց Մեհրաբյանն ու ավելացրեց, որ խաղաղության օրակարգը միայն խոսակցություն չէ խաղաղության մասին։ Դա ամենօրյա պայքար է ընդդեմ խաղաղության թշնամիների՝ Ռուսաստանի և Ադրբեջանի։


Անդրադառնալով Թուրքիայի Անվտանգության խորհրդի հայտարարությանը, որում վերջիններս հայտարարել էին, թե աջակցում և ցանկանում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում, Մեհրաբյանն ասաց, որ Թուրքիան երկակի խաղ է խաղում և կդադարի այդպես անել այն ժամանակ, երբ երկակիությունը այլևս կլինի անիմաստ։ Դրա համար ևս Հայաստանը պետք է դուրս մղի ՌԴ-ին Հայաստանից և արևմտյան ինտեգրում որդեգրի։

 


Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան