Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի` «Վովայի Արշակի»՝ փողերի լվացմանն օժանդակելու քրեական գործով դատական նիստի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը։
Հակոբյանին վերագրվող փողերի լվացման դրվագներից մեկով` Սուսաննա Գասպարյանը, գրանցված լինելով ոստիկանությունում որպես ավագ ռեֆերենտ, չի հաճախել աշխատանքի, բայց աշխատավարձ է ստացել: Ըստ մեղադրանքի՝ Գասպարյանի հանձնարարությամբ ապօրինի վարձատրության գումարով Հակոբյանը ձեռք է բերել 2 մեքենա՝ օժանդակելով փողերի լվացմանը:
ՊՆ ռազմական ոստիկանության «Զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալիքների դեմ պայքարի վարչությունում» աշխատած վկան, որտեղ որպես բաժնի վերլուծության խմբի պետի, ապա՝ նույն բաժնի ավագ սպայի հաստիքներում է գրանցված եղել նաև Սուսաննա Գասպարյանը, նշեց, որ ներկաներից միայն Արշակ Հակոբյանին է ճանաչում։ Հակոբյանի հետ էլ աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել։
«Ես Սուսաննային առերես չեմ ճանաչում։ Քննիչն ինձ հարցրել է՝ էդ անուն ազգանունը քեզ ծանո՞թ է, գիտե՞ս ով է, ես էլ ասել եմ՝ ծանոթ եմ, գիտեմ ով է՝ վարչության պետի կինն ա», - ասաց վկան և հավելեց, որ առաջին անգամ այդ անուն ազգանունին հանդիպել է աշխատավարձերի ցուցակում։
«Էն ժամանակ քարտային սիստեմով չէինք վարձատրվում։ Գնում էինք կասսա, էնտեղ ըստ բաժինների՝ սպաների, ենթասպաների վեդմոստներ կային, կարդում ես, քո անունը գտնում ես, ստորագրում ես, քո վարձատրությունը ստանում ես։ Էդ ցուցակում առաջին անգամ հանդիպել եմ էդ անուն ազգանունին։ Հետո արդեն լսել եմ, որ տվյալ անձնավորությունը վարչության պետի կինն ա»։
Վկան նշեց, որ ծառայության մեծ մասն անցկացրել է «Զորամասը ինքնակամ լքածների վարչությունում», որտեղ գրանցված է եղել նաև Վլադիմիր Գասպարյանի կինը՝ Սուսաննա Գասպարյանը։
Վկան հավելեց, որ 1997-ից մինչև 2013 թվականի մայիսը աշխատել է «ԶԻԼ» բաժնում, ապա տեղափոխվել է Երևանի կայազորային բաժին։ Նա թվարկեց նաև այդ ժամանակահատվածում իրենց բաժնում աշխատած կանանց անունները, որոնց մեջ Սուսաննա Գասպարյանը չի եղել։
Դատախազի հարցին, թե Սուսաննա Գասպարյան անուն ազգանունով վկայի հետ որևէ մեկը աշխատե՞լ է կամ եթե այլ բաժնում աշխատեր կիմանա՞ր, վկան ասաց․ «Նոր հայտարարեցի, որ առ այսօր նման մարդ չեմ ճանաչում, ես լսելով գիտեմ, թե էդ մարդն ով ա։ Եթե այլ բաժնում էլ աշխատեր կիմանայի»։
Արշակ Հակոբյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հարցրեց․ «Եթե այլ բաժնում աշխատեր, ո՞նց կիմանայիք»։ Ի պատասխան վկան նշեց, որ երկար տարիներ աշխատել է այդ կառույցում՝ բոլորին ճանաչում է։
Էրիկ Ալեքսանյանի պնդմանը, թե կարո՞ղ է վկան բոլորին անուն ազգանուններով թվարկել, վկան ասաց․ «հերթապահի մասից սկսե՞մ, շտաբի՞ց սկսեմ, որտեղի՞ց սկսեմ»։ Դատավորը հորդորեց այլ հարցեր տալ։
Ինչո՞ւ է վկան դուրս եկել աշխատանքից։ Հարցը, ըստ Ալեքսանյանի, կարող է պարզաբանում մտցնել վկայի ցուցմունքի արժանահավատության մեջ։
Ըստ վկայի, իր՝ մայոր եղած ժամանակ հաստիքը կրճատվել է, կապիտանի հաստիքով իրեն տեղափոխել են այլ պաշտոնի և իր՝ արձակուրդի մեջ գտնվելու ընթացքում, առանց իրեն տեղյակ պահելու նշանակել են պաշտոնի Էջմիածնում։ Ինքն էլ որոշել է չշարունակել ծառայությունն ու գնալ թոշակի։ Ի պատասխան Արշակ Հակոբյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի, վկան ասաց, որ Վլադիմիր Գասպարյանի հետ եղել է աշխատանքային հարաբերություններում, փոխադարձ հարգանք են ունեցել միմյանց նկատմամբ։
Վկան նաև նշեց, որ այլ բաժիններում գրանցված ծառայողներ եղել են, որ իրականում ծառայություն են իրականացրել իրենց բաժնում, բայց հակառակը չի եղել։
Հաջորդ վկան նույն բաժնում այդ տարիների աշխատակից Աղաբեկ Գրիգորյանն էր։ Դատավոր Վարդգես Սարգսյանը վկային հարցրեց, թե ինչ գիտի այս գործի հետ կապված։ «Ռազմական ոստիկանության թիվ մեկ կնոջ մասին է խոսքը՝ Սուսաննայի»։ Վկան ի պատասխան չհամաձայնեց, որ Սուսաննա Գասպարյանն է եղել ՌՈ թիվ մեկ կինը։ «Ես էդ կարծիքին չեմ, բայց Սուսաննային չեմ տեսել, չեմ կարող ասել, եկե՞լ է աշխատանքի, թե՝ չէ, միգուցե եկել է, բայց էն ստորաբաժանումում, որտեղ ես եմ ծառայել ինքը չի եկել։ Էն ժամանակ, հարգելի դատարան, առաջին տիկին եղել է տիկին Իռան (խմբ․՝ նկատի ունի Վլադիմիր Գասպարյանի նախկին կնոջը)։
Նույնաբովանդակ ցուցմունքներ տվեցին նաև մյուս 2 վկաները՝ նշելով, որ երբևէ չեն տեսել Սուսաննա Գասպարյանին, անձամբ չեն ճանաչում։
Դատավորի հարցին, թե վկաները ինչ գիտեն այս գործի մասին, որով, համաձայն մեղադրական եզրակացության, Սուսաննա Գասպարյանն աշխատանքի չի հաճախել, սակայն աշխատավարձ է ստացել, հետևաբար այդ գումարն ունեցել է հանցավոր ծագում և որն օրինականացնելու համար Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ վերջինիս թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը տրանսպորտային միջոց է ձեռք բերել, այդպիսով գումարին օրինական տեսք է տվել, բոլոր 4 վկաները պատասխանեցին, որ այդ մասին ոչինչ չգիտեն, ոչինչ չեն կարող ասել։
Հայտարարությամբ հանդես եկավ նաև մեղադրյալ Արշակ Հակոբյանը։ Վերջինս նշեց, որ չի հասկանում, թե ինչու են իրեն մեղադրում. «Ես 1997-ից եմ Ռազմական ոստիկանությունում աշխատել, 10 տարի հետո նոր եկել եմ Վլադիմիր Գասպարյանի մոտ։ Գասպարյանի մոտ ինձնից առաջ 20-25 մարդ ա եղել… Պարոն Գասպարյանը շատ խիստ ղեկավար է եղել, որին ես ճանաչում եմ։ Հիմա, ասենք, մի կոոպերատիվի նախագահը, որ իր բանվորին կանչի-ասի՝ խանութից բան առ բեր, ասի՝ «հլը մի վայրկյան, էս փողը քեզ որտեղի՞ց»։ Իսկ որտե՞ղ էր գրված, որ ես ոստիկանապետին իրավունք ունեմ ասելու՝ էդ փողերը որտեղի՞ց, նոր գնամ ավտո առնեմ, ուր մնաց տիկին Սուսաննայի փողերից տեղյակ լինեմ»,- ասաց Հակոբյանը։
Հաջորդ վկան՝ Ռուբեն Ներսիսյանը չէր ներկայացել դատական նիստին, չնայած որ պատշաճ ծանուցված է եղել։ Մեղադրյալի պաշտպանները միջնորդեցին դատարանում ընթերցել վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ կարող է հաջորդ դատական նիստերի ընթացքում վկան կրկին չներկայանալ նիստերին։ Այդպիսով, իրենք չեն կարողանա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։ Էրիկ Ալեքսանյանը հավաստիացրեց, որ իրենք վկա Ռուբեն Ներսիսյանի ցուցմունքի մասով խնդիր չեն տեսնում և պաշտպանության կողմը հրաժարվում է հետագայում կոնֆրոնտացիայի իրենց իրավունքից օգտվելուց։
Պարզ դարձավ, որ մյուս երկու վկաներն մեկը մահացել է, իսկ մյուսը հանրապետությունում չի գտնվում։
Մեղադրող կողմը առարկեց։ Դատախազները միջնորդեցին երկու վկաների մասով երկու այլ վկաների ներգրավել, իսկ վկա Ռուբեն Ներսիսյանի ներկայությունը ապահովել հաջորդ դատական նիստի ընթացքում։
Դատարանը լսելով կողմերի կարծիքներն ու դիրքորոշումները, որոշեց նոր վկաներ ներգրավելու միջնորդության քննությունը հետաձգել՝ դրանց կանդրադառնան ապացույցները հետազոտելուց հետո, ծավալը լրացնելու փուլում, իսկ Ռուբեն Ներսիսյանի ցուցմունքը ընթերցելու մասին միջնորդությունը մերժեց՝ վստահեցնելով, որ ինքն անձամբ կհոգա վկայի՝ հաջորդ դատական նիստում ներկայանալու մասին։
«Հաշվի առնելով, որ Ռուբեն Ներսիսյանը հանդիսանում է ոստիկանության բաժնի պետ, կոչումով գնդապետ, ես էս պահին հարկադրաբար ներկայացնելուց ձեռնպահ կմնամ, սակայն ոստիկանության պետին գրություն կհասցեագրեմ, ինչու՞ ոչ, չեմ թաքցնի, իմ անձնական կապերը կօգտագործեմ, որպեսզի հանձնարարեն Ռուբեն Ներսիսյանին, որպեսզի վերջինս ներակայանա դատական նիստին», - ասաց դատավոր Վարդգես Սարգսյանը։
Վովա Հակոբյան