Ձկնագողության դեմ պայքարի ընթացքում 257 կգ սիգ է առգրավվել․ որ հաստատություններին է հանձնվել ձուկը

Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցների համատեղ շուրջօրյա ուժեղացված ստուգայցերի ընթացքում Սևանա լճում, հարակից բնակավայրերում, Երևան քաղաքի, ՀՀ մարզերի ավտոճանապարհներին, շուկաներում և բացօթյա վաճառակետերում հայտնաբերվել և առգրավվել է 257կգ ձուկ:


ԲԸՏՄ տվյալների համաձայն՝ հայտնաբերվել է նաև 6 ապօրինի վաճառք, 3 ապօրինի տեղափոխում, 3 ձկնագողություն, 6 լողամիջոց, 4 ձկնորսական ցանց:


Հարուցվել է 7 վարչական և 4 քրեական վարույթ: Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը 1.104.500 դրամ է:


Առգրավված ձկները համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել են «Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց», Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ, Աբովյանի «Նարեկ» ծերանոց, Մարտունու N1, 2, 3, 4 և Հեքիաթ մանկապարտեզներ և այլ խնամքի կենտրոններ։


Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ձկնապաշարների վերականգնմանն ուղղված որսի և վաճառքի արգելքի կարևորության մասին բնակչության հետ իրականացնում է իրազեկիչ-բացատրական աշխատանքներ։


Ձկնագողության դեմ հետևողական պայքարը շարունակվում է ՀՀ բոլոր մարզերում։