Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ հայտարարություն տարածած բլոգեր Միկա Բադալյանը դատապարտվել է 300 հազար դրամ տուգանքի
Նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տված բլոգեր Միքայել Բադալյանի գործով դատարանը վճիռ է կայացրել․ նշանակվել է պատիժ՝ տուգանք 300.000 ՀՀ դրամի չափով։ Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Դատարանի դատավճռի հետ միանշանակ համաձայն չենք եւ այն կբողոքարկենք վերաքննության կարգով»,-նշել է նա։

Հիշեցնենք` Բադալյանը բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։ 
Նշենք, որ Բադալյանի՝ ապրիլի 11-ի գրառման մեջ ասվում էր, որ «Փաշինյանը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը – խմբ.) փորձում է խափանել ապրիլի 19-ի մոսկովյան ուղևորությունը»։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը կատարվում էր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում: Նախաքննության ընթացքում պարզվել էր ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով «Telegram» սոցիալական ցանցի՝ իր կողմից օգտագործվող էջում տեղադրել էր վերոնշյալ բովանդակությամբ գրառումը:

Նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով։