Արթիկ ՔԿՀ-ում պահվող երկու ամբաստանյալ հացադուլ են սկսել․ պահանջում են դատախազին հեռացնել վարույթից և փոխել իրենց խափանման միջոց կալանավորումը․ պաշտպան
«Արթիկ ՔԿՀ-ում պահվող ամբաստանյալներ Դավիթ Հովսեփյանը և Անդրանիկ Սարգսյանը մայիսի 22-ից հացադուլ են հայտարարել՝  պահանջելով մեղադրող դատախազ Եդիգարյանին հեռացնել վարույթից և իրենց խափանման միջոց կալանավորումը փոխել այլընտրանքային խափանման միջոցով»,-այդ մասին Civic․am-ի հետ զրույցում հայտնեց ամբաստանյալների պաշտպան Յուրա Ավայանը:

Վերջինս նշենց, որ սույն գործը Շիրակի մարզի դատարանում է գտնվում 2022 թվականի հունիսից, արդեն իսկ երեք դատավոր է փոխվել, 6 ամիս դատական նիստ տեղի չունենալուց հետո, ի վերջո տեղի է ունեցել, սակայն դատարանը կրկին անձանց խափանման միջոց կալանավումը թողել է անփոփոխ, այն պարագայում, երբ կալանքի տակ պահելու հիմքերը նվազել են: 

«Ամբաստանյալներից Դավիթ Հովսեփյանը կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին, խնամքին ունի անձինք, իսկ Անդրանիկ Սարգսյանը, ով ունի հաշմանդամության կարգ, խնամքին ունի երեք անչափահաս երեխա, հիվանդ ընտանիքի անդամներ: Վերջիններիս պահանջն է՝ փոխել խափանման միջոցը, որի համար առկա են բավարար երաշխիքներ, որպեսզի հնարավորություն ունենան հոգ տանեն իրենց խնամքի տակ գտնվող անձանձ: Սույն գործով ամբաստանյալների նկատմամբ առկա է տրամադրվածություն, կալանքի տակ պահելու նպատակը վաղուց վերացել է, իսկ վերջիններիս ամիսներով կալանքի տակ պահելու հանգամանքը կրում է պատժի տարրեր, քանի որ առնվազն վերջին վեց ամիսներին՝ գտնվելով կալանքի տակ որևէ դատական նիստ տեղի չի ունեցել, փոխվել են դատավորներ»,-ասաց պաշտպանը:

Ի հավելումն նա նշեց, որ բազմաթիվ հորդորներից հետո անգամ Դավիթ Հովսեփյանը և Անդրանիկ Սարգսյանը չեն պատրաստվում դադարեցնել հացադուլը, իսկ հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 20-ին։

«Այսինքն՝ նժարին դրված է մի դեպքում՝ տևական ժամանակ անհիմն կալանքի տակ պահելով որոշ անձնաց «գոհացնելու» հանգամանքը, մի դեպքում՝ վերջիններիս կյանքը և առողջությունը, որն արդեն իսկ լուրջ վտանգի տակ է»,-եզրափակեց Յուրա Ավայանը:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով Գյումրի քաղաքի բնակիչ, Դավիթ Հովսեփյանի հետ, խմբով, ապօրինի կրելով Դավիթ Հովսեփյանից վերցրած 7,62 մմ տրամաչափի ակոսափող հրազեն հանդիսացող ինքնաձիգը, իսկ Դավիթ Հովսեփյանը՝ որպես զենք օգտագործվող մուրճ, 2022 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, գնացել են Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի 9 հասցեում գործող «Էլիտ Արման Շին» ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայան, որտեղ նա վերոնշյալ ակոսափող հրազենը ձեռքին հարձակվելով՝ հետապնդել է գազալցակայանի տարածքում գտնվող Մխիթար Գրիգորյանին, վերջինը փախել է հանգստի սենյակ, իսկ նա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք հանդիսացող գործողություն է կատարել, այն է՝ մեկ անգամ գետնին կրակոց է արձակել, որից հետո Դավիթ Հովսեփյանի հետ, նույն նպատակով, ապօրինի մուտք գործելով ընկերության հանգստի սենյակ՝ հարձակվել են նշված ընկերության աշխատակիցներ՝ Մխիթար Լյովայի Գրիգորյանի և Վաչիկ Ջորջի Շիգիրյանի վրա, գումար չտալու դեպքում նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու՝ նրանց ուղղությամբ կրակ արձակելու սպառնալիքով, նա ևս մեկ անգամ կրակ է արձակել սենյակի միջնապատին, պահանջել են գումար, ապա տեղեկանալով, որ աշխատակիցների մոտ գումար չկա, ինչ կա՝ դրամարկղում է, անմիջապես գնացել են դեպի դրամարկղի համար նախատեսված սենյակ, որտեղից Անդրանիկ Սարգսյանը դուրս է հանել դրամարկղը, իսկ Դավիթ Հովսեփյանը, այնտեղից վերցնելով 150․000 ՀՀ դրամ գումարը, հափշտակել են այն և դեպքի վայրից դիմել փախուստի։

Լիլիթ Թադևոսյան