Անորոշությունը մեծ է․ Ադրբեջանում կմեծանա Թուրքիա-Ռուսաստան մրցակցությունը

Սիրիայում տեղի ունեցածը կոմբինացված գործողություն էր՝ տարբեր աջակցություններ ունեցող տարբեր խմբավորումների կողմից։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը։

 

«Այս պահին կառավարություն է ձևավորել «Հայաթ Թահրիր ալ-Շամը», որը «Ալ-Քաիդա»-ի ճյուղավորումն էր և մի շարք երկրների կողմից ճանաչվել էր ահաբեկչական խմբավորում. անցումային վարչապետն այն անձն է, որը 2024 թվականի հունվարից Իդլիբի հատվածում եղել է կառավարության ղեկավարը՝ Մուհամադ ալ-Բաշիրը»,- ասաց Պետրոսյանը։

 

Ռուսաստանը, չնայած իր դիրքերը, ըստ Պետրոսյանի, զիջում է Սիրիայում, սակայն ուժեղանում է Հարավային Կովկասում՝ մասնավորապես Վրաստանում։

 

«Ռուսաստանը վերադառնալու է և փորձելու է այստեղ թուլացնել Թուրքիայի դիրքերը՝ գուցե նաև մեր երկրում կամ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացների խնդիրների մասով։ Կարող է անգամ Ադրբեջանում մեծանալ Թուրքիայի և Ռուսաստանի միջև եղած մրցակցությունը։ Իրանի և Թուրքիայի միջև մրցակցությունն է մեծանալու կապուղիների ապաշրջափակման հետ կապված. փորձելու են ավելի թուլացնել Իրանի դիրքորոշումը»,- ասաց Պետրոսյանը։

 

Անդրադառնալով Ռուսաստան-Թուրքիա հնարավոր գործարքին՝ Պետրոսյանն ասաց, որ եթե դա այդպես է, ապա ապագայում տեսանելի կլինի, թե Ռուսաստանը դրա դիմաց ինչ ստացավ։ «Այս պահին ես ավելի հակված եմ նրան, որ ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը ի զորու չէին կանգնեցնելու, չէին էլ պատրաստվել, չէին էլ կանխատեսել, որ կարող է նման սցենար զարգանալ»,- նշեց Պետրոսյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան