Ամբողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Մեր երկրում մարդու իրավունքների վիճակի և ներքաղաքական զարգացումների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանի հետ։ Նշենք, որ 16 տարի առաջ դեկտեմբերի 10-ին նա ազատ արձակվեց երկու տարի անհիմն անազատության մեջ մնալուց հետո։
«Այս օրը հիշարժան օր է։ Նախ
հիշարժան է, որ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, և այդ օրը
2006 թվին ինձ բանտարկել են, երկու տարի անհիմն ազատազրկվեցի և 2008 թ. դեկտեմբերի
10-ին ազատ արձակվեցի։ Հիշարժան և կարևոր օր է, որովհետև առաջադեմ մարդկությունը, քաղաքակիրթ
մարդկությունը շատ մեծ կարևորություն է տալիս մարդու իրավունքներին և ազատություններին։
Եվ իզուր չի, որ համարյա բոլոր երկրների հիմնական օրենքներում ամրագրված է, որ մարդու
իրավունքներն ու ազատությունները համարվում
են բարձրագույն, գերագույն արժեք։ Եվ հիմա դեմոկրատական երկրները մեծ կռիվ են տալիս
բռնատիրական համակարգերի դեմ, որպեսզի այդ բռնատիրությունը փոքրանա ու կամաց-կամաց
վերանա երկրագնդի երեսից։ Եվ բոլորն էլ տեսնում են, թե դրանց վերջն ինչ է լինում»,-
ասաց Վարդան Մալխասյանը։
Այնուհետև նա նշեց, որ ճակատագրի
չար կատակ է՝ իրեն մեղադրել են 301 հոդվածով և Քոչարյանի պատվերով են բանտարկել, և
այդ նույն հոդվածը դրվել է իր վրա։
«Բայց տարբերությունն այն է,
որ ինձ մեղադրանք են առաջադրել՝ իբր թե ես հրապարակային բռնության կոչեր եմ հնչեցրել,
և նպատակ ենք ունեցել բռնությամբ իշխանությունը տապալելու։ Հետագայում իհարկե մեզ Եվրոպական
դատարանն արդարացրեց։ Ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում հիմնականում դրել են այն,
որ ես հրապարակային ելույթներիցս մեկի ժամանակ արտասանել եմ, Վահան Տերյանի և Միքայել
Նալբանդյանի բանաստեղծություններից մեջբերումներ եմ արել։ Իսկ իրենք ինչ են արել։ Այդ
հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչվեց, բայց իրենց ինչի համար են մեղադրում։ Ինքը՝
Քոչարյանը, դեռևս իշխանության ղեկին լինելով, երբ Սերժը դեռևս չէր եկել, բանակը, զորքը
հանեց ժողովրդի դեմ»,- ասաց Վարդան Մալխասյանը։
Նա նշեց, որ ամբողջ աշխարհում
ապացուցված, անհերքելի ճշմարտություն է, որ երբ բանակը հանում ես սեփական ժողովրդի
դեմ, հետագայում նույն բանակն իր սեփական ժողովրդին անզոր է լինում պաշտպանելու։
«Հենց Ղարաբաղի պարտության հիմնական
պատճառներից մեկն այն էր, որ Քոչարյանը
2008 թվականի մարտի 1-ին բանակը հանեց ժողովրդի դեմ և բանակը բարոյալքեց, թուլացրեց։
Շատերը դեռ այդ հրամանը չկատարեցին»,- հավելեց Վարդան Մալխասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան