Ինչպես է ստացվել, որ աղջիկ երեխային տղայի անուն է դրվել․ «Արմավիր» բժշկական կենտրոնի պարզաբանումը

«Արմավիր» բժշկական կենտրոնից պարզաբանել են, թե ինչպես է սատցվել, որ աղջիկ երեխային տղայի անուն է տրվել։


«Սույն թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 07:00 Արմավիրի ԲԿ ծննդատուն է դիմել 2004թ․-ին ծնված Լ. Ա-ն։

Բուժառուի մոտ ախտորոշվել է վաղաժամ ծննդաբերություն բարդացումով, ինչի կապակցությամբ շտապ կարգով կատարվել է ծննդալուծում՝ կեսարյան հատմամբ, փրկելով ծննդկանի և նորածնի կյանքը։


Քանի որ ծննդաբերությունը եղել է վաղաժամ, նորածինը ծնվել է անհաս՝ 2,1 կգ քաշով և 45 սմ հասակով։


Նորածնի ծնողները և՛ նեոնատոլոգի, և՛ մանկաբարձի, և՛ գինեկոլոգի կողմից տեղեկացվել են, որ նորածինը աղջիկ է, ինչպես նաև ծննդկանին ցույց են տվել երեխային։


Նորածնի սեռը արտացոլված է նաև բոլոր փաստաթղթերում՝ պատմագրի գրառումներում։


Ծննդկանի հարազատները տեղեկացվել են նաև ծննդկանի վիճակի, նորածնի քաշի, հասակի, անհասության մասին։ Նրանց հայտնել են նաև, որ անհրաժեշտություն կա նորածնին տեղափոխել Երևանյան կլինիկա և Երևանից հրավիրվել է ռեանիմոբիլ նորածնին տեղափեխելու համար։

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 3-ին, նորածնի տատիկը մոտենալով օպերատորին տեղեկացնում է, որ ցանկանում են նորածնին անվանակոչել Հովհաննես և իր իսկ ձեռագրով գրանցամատյանում գրում է նորածնի անուն ու ազգանունը, իսկ օպերատորը անփութորեն, առանց ստուգելու երեխայի սեռը՝ անունը տեսնելով , Արմեդ համակարգում երեխայի սեռը նշում է արական։


Հաշվի առնելով թույլ տրված անփությունը, մեր թիմը կփորձի հնարավորինս արագ շտկել այն»,- ասված է պարզաբանման մեջ։


Նշենք, որ դեկտեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։


Այդ օրը «Մուրացան»-ի «Նորածնային և մանկական վերակենդանացման» կլինիկա է տեղափոխվել անհաս նորածին իգական սեռի, արհեստական շնչառության սարքին միացված, ծանր վիճակում։ Կից տրվել է տեղափոխման էպիկրիզ՝ նորածնի աղջիկ լինելու փաստը ֆիքսված։ 


Աղբյուրի հաղորդմամբ, դեկտեմբերի 6-ին ծնողները «Մուրացան» ծննդատուն են ներկայացրել ծննդյան վկայական, որտեղ ֆիքսված է եղել երեխայի արական սեռի լինելու փաստը և նրան անվանակոչել են Հովհաննես, այն դեպքում, երբ երեխան աղջիկ էր: