Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը՝ ԳՐԵԿՈ-ն, հրապարակել է զեկույց, որը գնահատում է Հայաստանի համապատասխանությունը 2015 թվականին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» գնահատման զեկույցում ներառված 18 հանձնարարականներին:
ԳՐԵԿՈ-ն եզրակացրել է, որ ներկայացված 18 հանձնարարականներից Հայաստանի Հանրապետությունը բավարար չափով կատարել է 12 հանձնարարական, իսկ մասնակի՝ 6:
Պատգամավորներին առնչվող հանձնարարականների վերաբերյալ կառույցը նշել է Ազգային ժողովի աշխատանքներին հանրային ներգրավվածության ապահովման և պատգամավորների շրջանում նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ կարգավորումների մասին և հավելել, որ դեռևս պետք է ընդունվի պատգամավորների վարքագծի կանոնագիրք, որին զուգահեռ էլ անհրաժեշտ են վերահսկողության և խորհրդատվական արդյունավետ միջոցառումներ:
Դատավորներին առնչվող հանձնարարականների վերաբերյալ ԳՐԵԿՈ-ն նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն օրենսդրական մակարդակով ներդրվել է Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորների կարգապահական հարցերով որոշումների բողոքարկման մեխանիզմ, որի գործարկումը, սակայն, դեռևս ապահովված չէ:
Առաջընթացի սույն զեկույցի ընդունմամբ ավարտվում է Հայաստանի Հանրապետության համապատասխանության գործընթացի 4-րդ փուլը: