Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Փարիզում Աստվածամոր տաճարի վերաբացման հանդիսավոր արարողությանը։ Շուրջ 60 երկրի առաջնորդ էր հրավիրված։ Քաղաքագետ Էդգար Վարդանյանը նկատեց, որ դրանք հիմնականում կա՛մ դեմոկրատական երկրների ղեկավարներ էին, կա՛մ այնպիսիք, որոնք մարտահրավեր չեն նետել աշխարհակարգին, ագրեսիվ արտաքին քաղաքականություն չեն վարում։ Վարչապետը նաև լուսանկար էր հրապարակել Թրամփի և Մակրոնի, ինչպես նաև Մակրոնի և Իլոն Մասկի հետ։ Էդգար Վարդանյանն ասաց, որ լուսանկարները նշանակում են, որ եղել է նաև շփում, և դա, կարելի է ասել, սիմվոլիկ սկիզբ էր դեռևս պաշտոն չստանձնած, աշխարհի ամենահզոր երկրի ղեկավարի հետ աշխատանքի համար։
Հիշելով կարծիքները, թե Թրամփի
ընտրությունը բերելու է նրան, որ ԱՄՆ հետաքրքրվածությունը մեր տարածաշրջանի նկատմամբ
նվազելու է, Վարդանյանն ասաց. «Իրադարձությունները, այս ժեստերը, սիմվոլիկ նշանակության
քայլերը խոսում են հակառակի մասին. որ տարածաշրջանը շատ կարևոր է, Հայաստանի դերակատարությունը՝
նույնպես։ Գուցե անգամ առանձնապես կարևոր են, առանձնահատուկ կարևոր են՝ հաշվի առնելով
այն տրանսֆորմացիաները, որ կատարվում են Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ», - ասաց Վարդանյանը։
Նրա կարծիքով՝ հայ-ամերիկյան
հարաբերությունները զարգանալու են, Թրամփի ընտրությունը բացասական հետևանքներ այդ իմաստով
չի ունենալու։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան