Սնանկության դատարանի նախկին դատավորներ Գևորգ Նարինյանին, Արա Կուբանյանին և վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել։ Նարինյանին ուղղված ծանուցագրում մասնավորապես նշված է, որ «Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Նշվածի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»։
Արա Կուբանյանին փոխկապակցված անձ Լևոն Կուբանյանին ուղարկված ծանուցագրում
էլ նշված է, որ Դատախազության վերոհիշյալ վարչությունն ուսումնասիրություն է իրականացրել Արա Կուբանյանին պատկանող գույքի առնչությամբ, որի
արդյունքում կազմվել է ամփոփագիր, «ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում
է բռնագանձման առարկա»: Ըստ Դատախազության՝ բռնագանձման է ենթակա նաև Կուբանյանին փոխկապակցված
մեկ այլ անձի՝ Աղավնի Կուբանյանին պատկանող գույքը։
Նշենք, որ Գևորգ Նարինյանին,
Արա Կուբանյանին, ևս երկու անձի՝ Աշոտ Խաչատրյանին, Տիգրան Մարտիրոսյանին մեղադրանք
է առաջադրվել, գործը 2022-ին ուղարկվել է դատարան։ Գևորգ Նարինյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի
38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը),
ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով
(ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը
կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։
Արա Կուբանյանին էլ մեղադրանք
է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները
չարաշահելու հատկանիշներով։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ի որոշմամբ
2023 թ. փետրվարից (նախքան այդ կասեցված լիազորություններով) դատավորներ Նարինյանն
ու Կուբանյանը դադարել են պաշտոնավարել։