Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Էրդողանին և նրա հետ քննարկել Սիրիայի զարգացումները, անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասին։
Արդյո՞ք Ալիևն ակնկալում է, որ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին Հարավային
Կովկասում «առաջխաղացում» արձանագրելու համար, ինչպես, օրինակ, Թուրքիան դա արեց Սիրիայում:
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է թուրքագետ Նելլի Մինասյանի հետ։
«Իմ կարծիքով՝ Հարավային Կովկասում ու Սիրիայում եղած իրադրությունները
որոշ նմանություններ ունենալով հանդերձ՝ արմատական տարբերություններ ունեն։ Եվ առաջին
հերթին Թուրքիայի հետապնդած շահերի տեսանկյունից։ Այստեղ զուգահեռներ տանելն այդքան
տեղին չէ։ Իմ կարծիքով՝ իրենք ուղղակի ընդհանուր հարցեր են քննարկել մի շարք գործոնների
հետ կապված, այդ թվում նաև իսրայելական գործոնի հետ կապված: Իմ կարծիքով՝ Ալիևին ավելի
շատ Իսրայել-Թուրքիա հարաբերություններն են հետաքրքիր, ոչ թե Սիրիայում տեղի ունեցող
այդ իրադարձությունները»,- ասաց թուրքագետը։
Նելլի Մինասյանը կարծում է, որ
շատ ուշագրավ էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարի շատ հետաքրքիր հայտարարությունը
առ այն, որ ըստ էության կարծես թե երևում է խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի
միջև, և իրենք էլ այս տրամաբանությամբ շարժվելով՝ կկարգավորեն Հայաստանի հետ հարաբերությունները:
Մանավանդ, եթե դիտարկենք նաև Ռուբեն Ռուբինյանի
արած որոշ հայտարարությունները, ապա կարելի է ինչ-որ պատկերացում կազմել, որ այս դեպքում
Թուրքիան ավելի շատ սպասում է Ադրբեջանի դիրքորոշմանը, թեև նրանք միասին են որոշում
խնդիրները: Թուրքիայի համար այսօր առաջնահերթությունը Մերձավոր Արևելքն է, և մեր տարածաշրջանում
ինքն ավելի կձգտի կայունության ապահովման։
Թուրքագետի խոսքով՝ Սիրիայում դեռ շատ հարցեր կան
կարգավորելու։ Թուրքիայի համար շատ սկզբունքային հարց էր օրինակ՝ քրդական խնդիրը, հետևաբար
ինքն ավելի շատ, այնուամենայնիվ, կկենտրոնանա հենց այս խնդիրների լուծման վրա։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան