2022թ ոստիկանության 10-ը ծառայողներ ազատվել են աշխատանքից թմրանյութեր օգտագործելու համար. ՆԳՆ տեղակալ
«Մենք 2022թ․ ունեցել ենք տասը ծառայողական քննություն, որի շրջանակում տասը ծառայողներ ազատվել են աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար։ 2022-2023թթ․ կտրվածքով ունենք արդեն վեց վարույթներ՝ արդեն քրեական հանցակազմերի տրամաբանության մեջ»,- այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ ոստիկաններին ատեստավորելով կկարողանան նախապես ֆիլտրել համակարգը և թողնել այն մարդկանց, ովքեր պրոֆեսիոնալ իրականացնում են իրենց պարտականություններն ու հավուր պատշաճի վարձատրել․

«Այսօր ոստիկանության ծառայողների աշխատավարձը՝ սոցիալական երաշխիքը, բավական ցածր է։ Ատեստացիան գերազանց հանձնելու դեպքում կրկնակի կլինի վարձատրությունը, լավ հանձնելու դեպքում՝ 75 տոկոս, իսկ բավարարի դեպքում՝ 50 տոկոս»,-հավելեց նա։

Նշենք, որ այսօր Կառավարությունը հավանություն է տվել ՆԳ ծառայողների ատեստավորման կարգը հաստատելու մասին նախագծին, և նախքան ատեստավորումը ծառայողներն անցնելու են բուժզննում՝ բացառելու նրանց կողմից հոգեմետ դեղերի ու թմրանյութի օգտագործումը։