Պաշտպանության նախարարին վերագրվող առանձնատան մասին հրապարակումը զրպարտություն է. Դատարանը գործով վճիռ է հրապարակել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդդեմ քաղաքական ակտիվիստ Մանուել Մանուկյանի։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Դատարանը բավարարել է հայցվոր Պապիկյանի հայցը՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն և վիրավորական արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին։ Դատարանը պարտավորեցրել է  Մանուել Մխիթարի Մանուկյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել 24.01.2023 թվականին Ֆեյսբուք սոցիալական կայքի իր անձնական էջում հրապարակված տեսանյութի զրպարտություն համարվող փաստացի տվյալները և ներողություն խնդրել հրապարակման մեջ տեղ գտած վիրավորական արտահայտության համար հետևյալ կերպ. տեղադրել նույն տառատեսակով և նույն տառաչափով հայտարարություն ֆեյսբուքյան սոցիալական կայքի էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն երեսուն աշխատանքային օր ժամկետով, իսկ հրապարակման վերնագիրը շարադրել այսպես՝ «Հերքում։ Ես՝ Մանուել Մանուկյանս, զրպարտել եմ Սուրեն Պապիկյանին», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «24.01.2023 թ.-ին ես Ֆեյսբուք սոցիալական կայքի իմ էջում կատարել եմ հրապարակումներ Սուրեն Պապիկյանի վերաբերյալ։ Հայտնում եմ, որ իմ կողմից ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, և ես զրպարտել եմ պարոն Սուրեն Պապիկյանին: Միևնույն ժամանակ 24.01.2023 թ.-ին կատարված հրապարակման մեջ կատարել եմ վիրավորական բնույթի արտահայտություն՝ օգտագործելով (վիրավորանք համարվող բառ-խմբ.) արտահայտությունը, որով վիրավորել եմ նրա պատիվն ու արժանապատվությունը, որի համար ներողություն եմ խնդրում Սուրեն Պապիկյանից»:


 Պատասխանող Մանուել Մխիթարի Մանուկյանից հօգուտ Սուրեն Պապիկյանի, ըստ վճռի, պետք է  բռնագանձվի  40.000  ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:


Հիշեցնենք՝ 2023 թ. հունվարի 24-ին ֆեյսբուքյան իր էջում Մ. Մանուկյանը ինչ-որ առանձնատան լուսանկար էր տարածել՝  կից գրառմամբ. «Սուրեն Պապիկյանի դղյակը 2 տարում, իր հալալ քրտինքով, իր աշխատավարձով, պարգևավճարներով մարդը գնել է։ Ո՞վ կարա բան ասի: Լրիվ օրենքով է...»: Մանուկյանի սույն գրառումը տարածել էին մի շարք կայքեր, ֆեյսբուքյան օգտատերեր,  ՊՆ-ն էլ հերքել էր Պապիկյանի առնչությունը հիշյալ առանձնատանը։ Ավելին՝ Կադաստրի կոմիտեից ձեռք բերված կադաստրային գործից պարզվել էր, որ  պաշտպանության նախարարին  վերագրվող առանձնատունը և կից հողամասը Երևանի Աջափնյակ թաղամասի Նազարբեկյան 57/17 և 57/9 հասցեներում են։ Առանձնատան սեփականատերը, ըստ փաստաթղթերի, ծնունդով Լիբանանից Կանադայի քաղաքացի Վաչե Պետրոսի Մինասյանն է։  



Հարկ է նշել, որ  հրապարակելով իր դեմ ներկայացված քաղհայցը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը՝ նախարարին զրպարտելու մեջ մեղադրվող Մանուկյանը սրտնեղած  գրառում էր արել՝ մասնավորապես նշելով. «Հերթական քաղաքական ճնշման փորձը, որը անարդյունք է 
լինելու»։ 


Ի դեպ, Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան էջի լուսանկարներից դատելով՝ նա վերջերս՝ նոյեմբերի 29-ին, եղել է Մոսկվայում և մասնակցել «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովին»։  Այս համաժողովի կազմակերպմամբ զբաղվում է ՌԴ-ի  կողմից հովանավորվող, ազգափրկչի կերպարով  ներկայացող  գործարար Մհեր Ավետիսյանը։

Հ. Մ.