«
Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարություն է տվել վերացնել Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ArmLur.am-ն այսօր հրապարակել էր տեսանյութ, որտեղ, ըստ լրատվամիջոցի, Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը մտել է Հաղարծին հյուրանոցային համալիր՝ համար պատվիրելու, մատուցողն ասել է, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարի, ինչից հետո էլ քրեականի պետը սկսել է հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին:
Մեզ հետ զրույցում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ տեսանյութի դեպքով ծառայողական քննություն է սկսվել:Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն էր մանրամասներ հայտնել աղմկահարույց դեպքից: Պարզվեց՝ այն տեղի է ունեցել սույն թվականի ապրիլի 10-ին:
Ըստ ՔԿ-ի՝ նախաքննության ընթացքում Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ բավարարվել է:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ էլ ասվում էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական հետախուզության բաժանմունքի պետը, պաշտոնում մնալով, կարող էր խոչընդոտել քննությանը, մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Նշենք, որ տեսանյութը հանրության զգալի մասի շրջանում առաջացրել է խիստ զայրույթ, առավել ևս գործուն զղջալու հիմքով՝ քրեական հետապնդման կասեցումը: