Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը բխում է Թուրքիայի շահերից

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս պատերազմի գործոն չկա։ «Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հայկական օկուպացիոն ուժերը նույնպես դուրս են բերվել Ադրբեջանի տարածքից»,- նշել է Հաջիևը։ 

 

Արդյոք Ադրբեջանը հրաժարվե՞լ է հարցերը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունից։ «Հանուն Հանրապետության» կուսակցության քաղխորհրդի անդամ Առնոլդ Բլեյանը նկատեց, որ ձմռանը սովորաբար մարտական գործողություններ չեն սկսում, իսկ դրանից հետո Դոնալդ Թրամփը կստանձնի նախագահությունը, ու պետք է հույս ունենալ, որ կկատարի իր խոստումը՝ պատերազմները դադարեցնելու և նորերը թույլ չտալու մասին։


Բլեյանը նկատեց նաև, որ հայկական կողմը սկսել է աշխատանքը ԱՄՆ-ի հետ։


«Պետք է նաև հուսալ, որ Թուրքիան չի փորձի այս տարածաշրջանում ինչ-որ ռևերանսներ անել հօգուտ Ռուսաստանի»,- ասաց Բլեյանն ու նշեց, որ չնայած Դուգինը շատ սուր հայտարարություններ է անում Թուրքիայի հասցեին՝ Սիրիայի իրադարձությունների ֆոնին, բայց «Ռուսաստանն անատամ առյուծ է, ու միմիայն կարող են Ուկրաինայի վրա հարձակվել՝ չկարողանալով անգամ սեփական տարածքը պաշտպանել»։


Անդրադառնալով Ադրբեջանի մտադրություններին՝ ռազմական գործողությունների գնա՞լ, թե՞ ոչ, Բլեյանն ասաց. «Դա կախված է ուկրաինական պատերազմից, որովհետև հայ-ադրբեջանական հարաբերությունների չկարգավորման առաջին շահառուն Ռուսաստանն է, քանի որ հարաբերությունների կարգավորումը կբերի ՌԴ-ի ներկայության էլ ավելի նվազեցման»։


Նրա կարծիքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը բխում է Թուրքիայի շահերից։ Բացի դրանից՝ ԱՄՆ-ն ևս շահագրգռված է դրանով, քանի որ հետաքրքրված է միջին միջանցքի բացումով։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան