Բաքվի նպատակը, որ Հայաստանը ոչ մի դեպքում չգնա Արևմուտք․ Երևանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հատուկ հաղորդագրությամբ նշել է Հայաստանում հայ-ադրբեջանական սահմանի «հոբելյանական»՝ 4000-րդ պարեկությունը: Զուգահեռ Ադրբեջանից Իլհամ Ալիևի օգնական Հաջիևը հերթական անգամ հնչեցրել է՝ հեռացնել ԵՄ դիտորդական առաքելությունը: Նա հայտարարել է, թե այդ առաքելության ներկայությունը դիտարկում են ոչ թե խաղաղության, այլ մտահոգության գործոն:


Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Պրահայում բնակվող  տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ:


«Բաքվի ուզածը ժամանակ ձգձգելն է, Բաքվի ուզածը այն է, որ Հայաստանը ոչ մի դեպքում չգնա Արևմուտք, Բաքվի ուզածն այն է, որ Հայաստանում մնան ռուսական զորքերը, Հայաստանը մնա ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ուրիշ  կազմակերպությունների մեջ, որոնց հետ Ադրբեջանը կարող է պայմանավորվել, կարող է իրենց հետ ինչ-որ կերպ հարցեր լուծել՝ ի վնաս Հայաստանի, հօգուտ իրենց։ Բաքուն այսօր առաջադրում է բազմաթիվ հարցեր, հնչեցնում է տարբեր թեզեր, որոնք Հայաստանի համար պարզապես անընդունելի են։ Մասնավորապես, Սահմանադրության փոփոխություն և այլն։ Իրենք վերջերս հնչեցրել են, որ 15 կետերը համաձայնեցրել են, բայց մնացել են երկու կետեր, որոնք դեռ չեն համաձայնեցրել՝ բաց թողնելով այն բանը, որ այդ երկու կետերը պարզապես համաձայնեցվող կետեր չեն, դրանք կետեր են, որոնք հակասում  են մեր շահերին, հակասում են մեր ինքնությանը և նույնիսկ որոշ չափով մեզ նսեմացնում են»,- ասաց Բագրատ Առաքելյանը։


Ի հավելումն նա նշեց, որ Բաքուն դրա մասին շատ լավ գիտի, ու հատուկ է արվում այդ ամենը, որպեսզի մենք այդ քայլերը չկատարենք, իրենք էլ ընդունեն մի դրվագ, որ տեսեք՝ մենք ուզում ենք այս համաձայնությանը գալ, բայց Հայաստանի կողմից խոչընդոտներ կան և այլն, և այլն։  


Բացի դրանից, մեր զրուցակիցը նշեց, որ Բաքվի նպատակը բացարձակապես այն չէ, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, Բաքվի նպատակն այն է, որ այս իրավիճակը ձգձգվի հնարավորինս երկար, և իրենք որոշակի բենեֆիտներ ունենան այս կարգավիճակից։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան