ՊՆ-ն նախատեսում է պայմանագրային զինծառայողների վարձատրության գործակիցները վերախմբագրել ու սահմանել նորերը. Նախագիծ

ՀՀ զինված ուժերի բարեփոխումների իրականացման գործընթացում առաջնային նշանակություն ունի սերժանտական համակարգի զարգացումը՝ որպես արհեստավարժ զինված ուժերի կայացման կարևորագույն նախադրյալ: Այդ նպատակով Կառավարության ծրագրային քաղաքականության մաս է հանդիսանում նաև զինված ուժերում սերժանտական համակարգի զարգացման խթանումը, որի շրջանակներում սահմանվել են գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները:

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է վերախմբագրել պայմանագրային զինծառայողների վարձատրության գործակիցներն ու  սահմանել բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի (9/9 խումբ), կորպուսի (վարչության) սերժանտի (9/8 խումբ) և շտաբի սերժանտի (7/4 խումբ) պաշտոնների վարձատրության գործակիցները: Նախագիծը, որով ՊՆ-ն առաջարկում է նման փոփոխություններ կատարել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում,  

հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Civic.am-ը նախագծին կից հիմնավորումից պարզեց. «ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի ամբողջական ներդրումը և կենսագործունեության պատշաճ ապահովումը ենթադրում է ՀՀ զինված ուժերում բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի, կորպուսի (վարչության) սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոնների ստեղծում, որի նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել այդ պաշտոնների վարձատրության գործակիցները՝ բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի և կորպուսի (վարչության) սերժանտի պաշտոնները նախատեսելով որպես «ավագ ենթասպա» զինվորական կոչումներով պաշտոնների խմբերի ամենաբարձր հիմնական պաշտոններ՝ համապատասխանաբար 9/9 և 9/8 խմբերի պաշտոնային դասակարգումով, իսկ շտաբի սերժանտի պաշտոնը՝ որպես «ավագ» զինվորական կոչումներով պաշտոնների խմբերի ամենաբարձր հիմնական պաշտոն՝ 7/4 խմբի պաշտոնային դասակարգումով»: 


Նախագծին կից հավելվածում մասնավորապես սահմանված է, որ Բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցողների դեպքում (1-ինից մինչև 7-րդ մակարդակներ ), օրինակ՝ գործակիցը կարող է լինել  9.93-12.00, ավագ սպայական և կրտսեր սպայական կազմերի զինվորական կոչումների դեպքում՝ 6.19- 7.45, «Ավագ ենթասպա» զինվորական կոչումի դեպքում՝ 2.54-302, «Ենթասպա» զինվորական կոչումի դեպքում՝ 2.09-2.37, իսկ ահա «Շարքային» զինվորական կոչումի դեպքում՝ 1.50-1.62։


Օրենքի նախագծի մասին առավել մանրամասն՝ հիշյալ https://www.e-draft.am/projects/8078/about հղումով։