Մարդկանց կողմից հիմնական բարձրաձայնվող խնդիրը մնում է ավտոբուսների հաճախականությունը. կան գծեր, որտեղ պարբերաբար գերծանրաբեռնվածություն ունենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մեր առաջնային խնդիրն է լուծել գերծանրաբեռնվածության խնդիրը: Մասնավորապես ունենք թաղամասեր, որ իրապես երևի թե կարելի է ասել, որ նույնիսկ վատացել է իրավիճակը, մասնավորապես Նորագավիթում։ Կարծում եմ մեր հետագա քայլերը պետք է լինեն այն ուղղությամբ, որ սկսենք լուծել այն ծայրահեղ ծանր գծերի հարցերը։ Ճիշտ է, մենք արդեն ունենք հետագա ծրագիր այս 171 նոր ավտոբուսների հետ կապված, մենք ունենք փոխարինման խնդիր, մասնավոր ավտոբուսները, որոնք արդեն գրեթե շարքից դուրս են եկել, դրանք են փոխարինվում: Մեր «Հիգեր» մակնիշի ավտոբուսներ են փոխարինվում որոշ գծերում:
Այնուամենայնիվ կան թաղամասեր, որտեղ որ խնդիրը սուր է կանգնած, և այդ թաղամասերի խնդիրները լուծելու համար մենք մի փոքր ավել ջանք պետք է գործադրենք, նույնիսկ, եթե հաջորդ տարի, օրինակ, էլի միջանկյալ ինչ-որ լուծումներ պետք է գտնենք, մինչև 250 հատ 18 մետրանոց ավտոբուսների գնումը»՞,- հայտարարեց Ավինյանը: