ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել ՀՀ օրենքի նախագիծը «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»: Civic.am-ն այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից, որտեղ հրապարակված՝ նախագծին կից հիմնավորման մեջ մասնավորապես նշված է. ««Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակը առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելու Հայաստանի ժողովրդի, նրա ներկայիս իշխանությունների կամքի, վճռականության ամրագրում է: Օրենքը հռչակում է նախաձեռնողների և Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, որ կկանխորոշի Հայաստանի իշխանությունների որոշումների և գործելակերպի ուղղվածությունն ու մասշտաբը: Աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում Օրենքը, նրա ընդունման ձևն ու միջոցը կմեծացնեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրակայումը, դիմադրունակությունը: Օրենքի ընդունումը ժողովրդավարությունը, քաղաքացիների պետական կառավարմանը մասնակցության իրավունքն ու դրա գործնականում իրագործումը, իրավունքի գերակայությունը կդարձնի անշրջելի, կվերականգնի պետության քաղաքականության կանխատեսելիության նկատմամբ հավատն ու վստահությունը: Եվրամիությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը՝ ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման հնարավորությունների մեծացմանը, Հայաստանի ազգային բանակի համապատասխանեցմանը Եվրամիության անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին: Մարդու իրավունքների շարունակական զարգացմանը և պաշտպանությանը: Տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը՝ գործող մենաշնորհների վերացմամբ, տնտեսության բազմազանեցմամբ, արտադրողականության և ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացմամբ, որ հնարավոր է միայն Արևմուտքի ու Եվրամիության հետ համագործակցությամբ, ներդրումներին ու տեխնոլոգիաներին հասանելիության ապահովմամբ, արդյունաբերության վերագործարկմամբ, տնտեսության կառուցվածքի փոփոխությամբ և ռեալ հատվածի մասնաբաժնի մեծացմամբ, լոգիստիկ նոր կապերի ստեղծմամբ, հայկական արտադրանքը եվրոպական շուկայում մրցունակ դարձնելով»:
Օրենքի
նախագիծն էլ բավական հակիրճ է. Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության
անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով
Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի
Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հռչակում է
Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը։
Հայաստանի
Հանրապետության Նախագահ Վ. Խաչատուրյան»:
Նշենք,
որ նախաձեռնող խմբի լիազոր
ներկայացուցիչը Արտակ Զեյնալյանն է։ ԿԸՀ-ն օրերս է հաստատել նախաձեռնության
ներկայացրած՝ օրենսդրությամբ պահանջվող քանակի ստորագրությունների
վավերականությունը։ Վավեր ստորագրությունները կազմել են 52 հազար 351։
«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ նվազագույնը 50 հազար
վավեր ստորագրություն է պահանջվում, որպեսզի նախաձեռնող խումբը հնարավորություն
ունենա օրենքի նախագիծ ներկայացնելու խորհրդարանին։
Հ. Մ.