Ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին «Զվարթնոց»-ում արգելել են մտնել Հայաստան։ Համացանցում այս
իրադարձությունը լայն քննարկման թեմա է դարձել, շատերը ողջունում են այս որոշումը՝
նշելով, որ հակահայ ելույթ ունեցողներին պետք է արգելել մտնել Հայաստան, և կապ չունի, որ «յան»-ով ազգանուն
ունեն։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ
Լևոն Շիրինյանի հետ։
«Էդ դեպքում ուղղենք՝ ոչ թե ռուսաստանաբնակ, այլ ռսականացած։ Սրանց ուղեղը փչացած է, սրանք հոգով, սրտով ռուս են, մարմնով մնացել են իրենց նախնիների տված ֆիզիկական գոյության մեջ։ Այնպես որ՝ հայ չի։ Եթե խիստ ենք մոտենում, այսինքն՝ էթնիկական պատկանելությամբ, եթե ազգային ինքնագիտակցության պատկանելության բաղադրիչ չունի, ուրեմն հեռացնում են նրան տվյալ էթնոսից։ Հոգիս փառավորվեց, երբ որ նման այլանդակները որպես հայ ներկայանում են, բայց մերժվում են պետության կողմից։ Դա նշանակում է՝ մենք պետականորեն ամրապնդվում ենք, ազգային, պետական շահը գիտակցում ենք։ Եվ սա պիտի շարունակվի, բոլորին պիտի պարզ լինի, որ որևէ հայ, որտեղ էլ ապրի՝ Երևանում, Մոսկվայում, Վաշինգտոնում, Պեկինում և ջհանդամը, չի կարող և չպիտի Հայաստանի հաշվին ստեղծի կենսագրություն և օտարին ծառայի՝ իր էթնոսի շահերը աճուրդի հանելով»,- ասաց Լևոն Շիրինյանը։
Նրա խոսքով՝ սա շատ նորմալ երևույթ
է, և ցուցակը պետք է մեծացնել և առհասարակ շատ կասկածով պետք է նայել այդ ռուսահայերի
միության կառույցին և նրա նախագահին, որովհետև Ռուսաստանը ստեղծում է այնպիսի կառույցներ,
որոնք ծառայեցնում է օտարին, իրեն։ Լևոն Շիրինյանը նաև կարծում է, որ այս գործընթացը
պետք է բաց լինի և բացատրություն տրվի, թե ինչի համար։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան