Շատ կարևոր է Հայաստանի ուղիղ աշխատանքը Ադրբեջանի հետ. Թուրքիայի կողմից կան որոշակի դրական ազդակներ

Ռուսաստանն ուզում է վերահսկողություն սահմանել Սյունիքի, այսպես կոչված, միջանցքում։ Երբ Ռուսաստանում խոսում են ապաշրջափակումից, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից՝ դա նկատի ունեն: Այս մասին Civic.am-ի եթերում ասաց քաղաքագետ Հրայր Մանուկյանը։


Խաղաղության պայմանագիրը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ըստ Մանուկյանի, կյանքի չեն կոչվում հիմնականում Ադրբեջանի պատճառով։ «Իսկ Ադրբեջանին Ռուսաստանը ասում է՝ քանի դեռ Հայաստանը չի տալիս միջանցք, եկեք աշխատենք այնպես, որ տրամադրի այդ միջանցքը։ Ամենակարևոր կողմը այստեղ Ադրբեջանն է։ Նա փորձում է ժամանակ ձգել, իսկ դա պայմանավորված է տարածաշրջանի նկատմամբ Թրամփի դիրքորոշմամբ»,- ասաց Մանուկյանն ու ավելացրեց, որ ԱՄՆ նոր նախագահի դիրքորոշումն անկանխատեսելի է։  


Քաղաքագետը կարևորեց Հայաստանի ուղիղ աշխատանքը Ադրբեջանի հետ, ինչը, ըստ նրա, արվում է այսօր։


Անդրադառնալով Թուրքիայից եկող ազդակներին՝ Մանուկյանը որոշակի դրական շեշտադրումներ է նկատում։ Հենց դրանք հուշում են, որ թուրքական կողմը որոշակի քայլեր է անում՝ համոզելու Ադրբեջանին խաղաղության ճանապարհով գնալ։


Ադրբեջանն, ըստ Մանուկյանի, շարունակելու է ժամանակ ձգել՝ մինչև առնվազն Թրամփի դիրքորոշումը հասկանա։ Հետևաբար Հայաստանի ու Ադրբեջանի միջև մինչ այդ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, բայց ռազմական գործողությունների ևս Ադրբեջանը մինչ այդ չի գնա։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան