Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լևոն Երանոսյանի և բարձրաստիճան նախկին ոստիկանների գործով դատական նիստի ընթացքում այսօր շարունակվեց վկաների հարցաքննությունը։ Ըստ մեղադրանքի՝ դրվագներից մեկով Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ Յուլյա Գասպարյանը, հանդիսանալով ոստիկանության ծառայող, չի ներկայացել աշխատանքի, սակայն ստացել է աշխատավարձ։ Բացի դրանից, Յուլյա Գասպարյանը մի քանի օրով ձևական նշանակվել է ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետ՝ փոխգնդապետի կոչում ստանալու համար։
Ինչպես նախորդ դատական նիստի ընթացքում հարցաքննված վկաները, այնպես էլ այսօր հարցաքննված երկու վկան, ովքեր հանդիսանում են ոստիկանության զորքերի աշխատակիցներ, նշեցին, որ չեն ճանաչում Յուլյա Գասպարյանին, երբևէ չեն տեսել նրան աշխատավայրում և միայն հարցաքննության հրավիրվելիս են իմացել, որ Յուլյա Գասպարյանը համակարգում գրանցված է որպես աշխատակից։ Դատավոր Վարդգես Սարգսյանը վկաներին նույն հարցերն էր տալիս՝ եղե՞լ են արդյոք աշխատակիցներ, ովքեր առավելություններ են ունեցել և, հանդիսանալով ոստիկանության զորքերի ծառայողներ, կա՛մ չեն ներկայացել աշխատանքի, կա՛մ արտոնյալ գրաֆիկով են աշխատել։
Ըստ վկաների ցուցմունքի՝ իրենք երբևէ չեն տեսել Յուլյա Գասպարյանին, չեն ճանաչել իրեն։ Գրեթե նույն հարցերը դատավորն ուղղեց նաև հաջորդ վկա՝ ոստիկանության զորքերի ծառայող Արման Ասլանյանին, ով ևս նշեց, որ չի ճանաչում Վլադիմիր Գասպարյանի աղջկան, արտոնյալներ էլ չեն եղել՝ բոլորը աշխատել են ըստ գրաֆիկի։ Ըստ մեղադրանքի՝ Յուլյա Գասպարյանը 2015-2018թթ. ստացել է 9 մլն դրամ աշխատավարձ, բայց աշխատանքի չի ներկայացել։ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել 2 դրվագով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և վատնման եղանակով հափշտակություն կատարելու համար։
Գասպարյանի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանը մեղադրվում է խոշոր չափի վատնման և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ ներքին աուդիտի բաժնի նախկին պետ Վարդան Թունյանը՝ Երանոսյանին պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդելու համար։ Զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանն էլ օժանդակել է Երանոսյանին։ Ընդհանուր առմամբ պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 21,6 մլն դրամի վնաս։ Մ
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան