ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում ներկայացրեց զինծառայողների և զինակոչիկների առողջական պիտանելիության վերաբերյալ կարգավորումների փոփոխությունների նախագիծը։
Որոշման նախագծով նախատեսվում է որոշ հիվանդությունների պարագայում մեկ տարվա տարեկետման ժամկետից հետո, եթե զինակոչիկի մոտ առողջական վիճակի վատթարացում չի արձանագրվել, նրան զինծառայության համար սահմանափակումով պիտանի ճանաչել։ Նախատեսվում է նաև հստակեցնել առողջական վիճակի վրա հիմնված զինվորական ծառայության պայմաններն ու մի շարք հիվանդությունների նկարագրությունները։
Պապիկյանը նշեց, որ փոփոխությունները կխթանեն զինծառայության արդարացի կազմակերպումը՝ կանխելով զինվորական ծառայությունից խուսափելու հնարավոր սողանցքները։
«Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ զինակոչիկին որոշ հիվանդությունների նախանշանների պարագայում տրվում է մեկ տարով տարեկետում և ենթադրվում է, որ այդ ընթացքում պետք է տեսանելի դառնա, թե արդյոք տվյալ զինակոչիկի հիվանդությունը զարգանո՞ւմ է և բարդանում է, որը կտանի ազատման, թե՞ ոչ։ Եվ լինում են նաև հիվանդություններ, որոնք հնարավոր է մեկ տարվա ընթացքում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա բժշկական միջամտության միջոցով առողջությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանք կատարելու շահագրգռվածություն։ Իհարկե, սա բերում է նրան, որ մի տարվա տարեկետումը բերում է ևս մեկ տարվա, ևս մեկ տարվա և այսպես շարունակ։ Մեր գնահատմամբ՝ սա յուրօրինակ սողանցք է զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Եվ, դրանից ելնելով, մենք այս փոփոխությունով վերականգնում ենք նաև արդարությունը և հնարավորություն չենք ընձեռում տարաբնույթ միջոցներով և ձևերով զինվորական ծառայությունից խուսափելը «խրախուսելու»»,- ընդգծեց Պապիկյանը։