Թուրքիայի համար Հայաստանի գործողությունները համոզիչ են, սա մեզ համար հնարավորություն է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը   «Ռիա Նովոստի»ն տված հարցազրույցում մանրամասներ է հայտնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններից՝ նշելով, որ Երևանին ու Բաքվին մնում է պայմանավորվել միջազգային դատական ատյաններում փոխադարձ պահանջներից հրաժարվելու և միասնական սահմանին օտարերկրյա ուժերի տեղակայման շուրջ։


Նա նշել է, որ հենց այս երկու կետերն են, որոնք դեռևս համաձայնեցված չեն խաղաղության պայմանագրի նախագծում։ Ալիևը դրանք անվանել է Ադրբեջանի պայմանները։


Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։  Հարցին, թե կգնա՞ արդյոք Ալիևը խաղաղության պայմանագրի ստորագրման, թե՞ ոչ, քաղաքագետն ասաց. «Նախ պետք է լինի համապատասխան միջազգային ճնշում, կարելի է դա ասել ճնշում, կարելի է ասել հորդոր՝ միջազգային հանրության կողմից, շատ հաստատակամ հորդոր, որ անհրաժեշտ է շուտափույթ գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որ դա բխում է բոլորի շահերից, որ ընդհանուր առմամբ միջագզային հանրությունը գերշահագրգռված է դրանում։ Դա՝ մեկ։ Երկրորդ գործոնն այն է, որ Ադրբեջանը հասկանա, որ իր համար վերջիվերջո շահեկան է   խաղաղությունը, որ շահելու է ավելի շատ, քան կորցնելու է, հակառակ պարագայում ավելի շատ կկորցնի, խաղաղության գնալով՝ ավելի շատ ձեռք կբերի»:  


Էդգար Վարդանյանի կարծիքով՝ երրորդ հանգամանքն այն է, թե որքանով կարող է Ադրբեջանը Ռուսաստանի հետ իր հարաբերություններում այս հարցը լուծել, այսինքն՝ այնպես անել, որ Ռուսաստանը չկարողանա խանգարել և հակառակը՝ որոշակիորեն կարողանա նաև նպաստել դրան։ Եվ այստեղ, ըստ քաղաքագետի, պետք է խոսել այն մասին, որ նույն այդ հարցազրույցը առաջին հերթին  խոսում է այն մասին, որ Ադրբեջանը որոշակի կախվածություն ունի Ռուսաստանից՝ այն առումով, որ փորձում է այնպես անել, որ Ռուսաստանը ոչ թե վնասի Ադրբեջանին, այլ հակառակը, և վնասելու այդ հավանականությունը Ադրբեջանը հավանաբար գնահատում է ոչ այնքան ցածր։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան