Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Էդ. Ամալյանի, մասնակի բավարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանի հայցապահանջն ընդդեմ «Զորակցություն Հայրենյաց Պաշտպանին» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Անի Կարապետյանի։
Վերջինս, հիշեցնենք, 2021 թվականի դեկտեմբերին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ արատավորելով Հրաչյա Հակոբյանի պատիվն ու արժանապատվությունը:
Ա. Կարապետյանը (#խուլիգանների-իշխանություն հեշթեգով) Հակոբյանի հասցեին վիրավորական արտահայտություններ գրելուց բացի՝ նաև սպառնացել էր՝ «այսօրվանից զգույշ քայլիր Երևանի փողոցներում. ինձ հետ առաջիկա հանդիպումից հետո չեղածդ ինքնասիրության մասին երազելու ես», «ԱԺ-ում Գերասիմ Վարդանյանի քեզ ու ձեր խուլիգանական խմբակին հնչեցրած բոլոր որակավորումների տակ ստորագրում եմ և դեռ մի բան էլ ավելին»։
Անի Կարապետյանը, ըստ դատարանի վճռի, պարտավոր է հրապարակայնորեն ներողություն խնդրել և դրամական փոխհատուցում վճարել 500.000 (Հակոբյանը պահանջել էր 2 մլն 500 հազար) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար հասցված ոչ նյութական վնասի հատուցման գումար:
Անի Կարապետյանից հօգուտ Հրաչյա Հակոբյանի, ըստ դատարանի վճռի, պետք է բռնագանձել 35.000 ՀՀ դրամ՝ որպես վերջինիս կողմից նախապես կատարված դատական ծախս, պետական տուրքի գումար, ինչպես նաև 100.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս, փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում կկատարվի Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում:
Նշենք, որ Անի Կարապետյանը հայտնի է որպես ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից և աչքի է ընկնում ՀՀ իշխանության հասցեին վիրավորանք, ատելության խոսք պարունակող հանրային հայտարարություններով։