Ալիևի՝ խաղաղության պայմանագրի ստորագրման որոշմանը կոնկրետ երկիր է խոչընդոտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հարցազրույց է տվել և պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հիշեցնենք, որ Ալիևը ռուսական լրատվամիջոցներից մեկին հարցազրույց էր տվել և մանրամասներ հայտնել խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններից։


Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի հետ։


«Իհարկե լավ է, որ նա շատ արագ, օպերատիվ կերպով արձագանքեց, որովհետև այն արձանագրությունները, որոնք արեց Իլհամ Ալիևը Կիսելյովին տված հարցազրույցում, չպետք է անպատասխան մնային, և շատ կարևոր է, որ օպերատիվ կերպով դրանց արձագանքվեց։ Կային որոշ դրույթներ, որոնք մտածելու տեղիք են տալիս։ Հենց այն նույն երկու կետերը, որոնց շուրջ չենք կարողանում գալ համաձայնության, թերևս պետք է մի քիչ ավելի շատ աշխատել այդ ուղղությամբ»,- ասաց Առնոլդ Բլեյանը։


Նա նշեց, որ տպավորություն ունի, որ նույնիսկ այդ երկու կետերի շուրջ մեր համաձայնության, մեր կոմպրոմիսի դեպքում Իլհամ Ալիևը չի ցանկանում գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Մեր զրուցակցի խոսքով՝ պետք է հասկանալ, որ այդ սահմանադրական դրույթի փոփոխությունը չնայած երկու կետերից մեկը չէ, բայց Ալիևը խոսեց նաև դրա մասին. «Դա չգրված մի պայման է, որը նա շարունակում է ստիպել մեզ, որպեսզի մենք դրան գնանք՝ լավ իմանալով, որ դա անիրագործելի է, դու չես կարող մի երկրի ստիպել փոխել Սահմանադրությունը, որպեսզի մի քանի տարի հետո գնաս խաղաղության պայմանագրի ստորագրման»։  


Խոսելով նաև միջազգային հայցերի հետքաշման վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին՝ Առնոլդ Բլեյանն ասաց. «Իմ անձնական պատկերացմամբ՝ խաղաղությունը պետք է հիմնված լինի նաև արդարության հիման վրա, զգացմունքի հիման վրա։ Ի վերջո լավ կլիներ, որպեսզի միջազգային ատյանները կարողանային իրենց անաչառ գնահատականը տալ այս կամ այն հարցի շուրջ: Հասկանալի է, որ թե այս կողմից, թե այն կողմից կան հակընդդեմ հայցեր, և այդ առումով շատ կարևոր է, որ թե՛ մենք, թե՛ իրենք ի վերջո հասկանայինք, թե  ով որ մասում է ճիշտ։ Իմ անձնական պատկերացմամբ և մեծամասնության պատկերացմամբ՝ մենք ճիշտ ենք շատ կետերում, քան սխալ»,- նշեց Առնոլդ Բլեյանը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան