ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել ՍԴ նախկին նախագահ, այժմ՝ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին և նրան փոխկապակցված մի քանի անձանց՝ Հասմիկ Ալագյազի Սիմոնյանին, Ժիրայր Նորայրի Փանոսյանին, ինչպես նաև սույն գործով ևս երկու անձի՝ Սիմոն Սիմոնյանին, Աննա Գյուլբագյանին։ Նորայր Փանոսյանին և մյուս վերոհիշյալ անձանց ուղղված ծանուցագրում նշված է, որ Ն. Փանոսյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, կազմվել է ամփոփագիր։ Նշված անձինք ՀՀ դատախազություն պետք է ներկայանան ս.թ. հունիսի 22-ին։
Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին ու Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել։ Գործը դատարանում է արդեն 3 տարի։
Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2011 թ. հունիսի 13-ից մինչև 2014թ. մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարությանը և առաջացրել նոտարների համար գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Բացի դրանից, Նորայր Փանոսյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ համակցությամբ հարկադրել է ՀՀ նոտարական պալատի նախագահին պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին փաստացի պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է նոտարական պալատի համար գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը ևս այս դրվագների վերաբերյալ է։
Սույն գործով դատական առաջիկա նիստը, ըստ datalex.am-ի՝ հունիսի 15-ին է։
Նշենք, որ Նորայր Փանոսյանը ընդգրկված էր «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում՝ 62-րդ համարն էր։
Հ.Գ. Ուշագրավ է, որ 2013-ին, երբ դեռ Նորայր Փանոսյանը պաշտոնավարում էր, իր հարցազրույցներից մեկում անդրադարձել էր նոր ձևավորված վերահսկողական տեսչությանն ու մանրամասնել. «Մեր վերահսկողական ֆունկցիաները հետևյալ ուղղություններով են՝ նոտարներ, զագս, քրեակատարողական հիմնարկներ, հարկադիր կատարման ծառայություն, ռեգիստր, ոչ առևտրային կազմակերպություններ և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար նյութեր պատրաստելն ու նախարարին զեկուցելը»:
Հարցին՝ ձեր թվարկած ուղղություններով մինչ օրս որևէ վերահսկողական գործունեություն իրականացրե՞լ եք, ի՞նչ արդյունքի եք հասել՝ Փանոսյանը մասնավորապես պատասխանել էր. «Բարդ աշխատանք է: Դիմադրում են շատ տեղեր, քարացած համակարգ է, կան ձևավորված վատ ավանդույթներ, բայց այդ ավանդույթները կամաց-կամաց կոտրելով՝ արդեն որոշակի հաջողություններ ունենք, հատկապես նոտարների ոլորտում: Փուլ-փուլ առաջ ենք գնում»:
Ե. Ա.