Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական վարույթը կասեցվել է, ռազմագիտական փորձաքննությունից հետո դատավարական որոշումներ կարող են կայացվել․ Գոռ Աբրահամյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական վարույթը կասեցվել է։ Այս մասին Civic.am-ին ասաց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Նախաքննության օբյեկտիվությունը՝ համակողմանիությունը, ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, և հիմք ընդունելով այդ հանգամանքը՝ վարույթ իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել դատախազին, որպեսզի Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը կասեցվի մինչև փորձաքննության արդյունքների ստանալը։ Այսինքն՝ փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո արդեն գործի ելքի հետ կապված դատավարական որոշումներ կարող են կայացվել»,- հավելեց ՔԿ մամուլի քարտուղարն ու ընդգծեց, որ Ջալալ Հարությունյանը շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում։
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ։
Մեղադրանքում ներկայացված դրվագներից մեկը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին հայկական կողմի ձեռնարկած հակահարվածին, այն դեպքում, երբ հայկական կողմը 1։5 հարաբերակցությամբ թե՛ քանակապես, թե՛ որակապես զիջել է հակառակորդին։
Նախաքննական մարմնի փոխանցմամբ՝ Հարությունյանի այս գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝ ձախողվել է բանակային հակահարվածը։ Ավելի ուշ Հարությունյանը ձևավորել է նոր զրահախումբ և նրանց առջև դրել նույն մարտական խնդիրը, այն դեպքում, որ այս նոր զրախումբը էապես զիջել է հոկտեմբերի 7-ին հակահարձակման օպերացիայում ընդգրկված ուժերն ու միջոցները։ Հոկտեմբերի 8 -ի այդ մարտական առաջադրանքը ևս ձախողվել է՝ առաջացնելով ծանր հետևանքներ։
Մեղադրանքում ներկայացված երկրորդ դրվագն էլ վերաբերում է Ֆիզուլիի շրջանի Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում հոկտեմբերի 12-ի իրադարձություններին։ Ըստ ՔԿ-ի՝ այնտեղ նկատվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ կրակային դիրքի ուղղությամբ, որոնց մեջ նկատվել են նաև Հայաստանի ԶՈՒ համազգեստ կրող անձինք: Կասկածելով, որ մոտեցողները հակառակորդի դիվերսիոն խումբ են, ռադիոկապով զեկուցել են այդ մասին։ Ջալալ Հարությունյանը, ըստ մեղադրանքի, առանց համակողմանի ուսումնասիրության նշել է, որ տվյալ խմբավորումը յուրային է, և սխալ տեղեկություն փոխանցելու հետևանքնով զոհվել են մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ, վիրավորվել՝ 7 -ը, մինչև հիմա անհայտ է փոխգնդապետի գտնվելու վայրը։ Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում N զորամասը անցել է հակառակորդի հսկողության տակ՝ այնտեղ պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերով։