Փաստաբան Կարեն Ալավերդյանը, իր պնդմամբ, բռնության է ենթարկվել ՆԳՆ ոստիկանության Կենտրոնի բաժնում։ Այսօր՝ հունիսի 13-ին փաստաբանների պալատում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ գործընկեր փաստաբաններն ահազանգեցին, որ Կարեն Ալավերդյանին ծեծել են, խուզարկել են, ձեռնաշղթա հագցնելուց հետո էլ արցունքաբեր գազ են կիրառել։
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ Կարեն Ալավերդյանն անդրադառնալով դեպքի նախապատմությանը՝ նշեց, որ հունիսի 7-ին իր պաշտպանյալի հետ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրում մասնակցել է մեկ այլ քրեական գործով նշանակված դատական նիստի, որի ընթացքում իր պաշտպանյալի և նրա ընկերոջ միջև, որը նույն գործով նաև հանդիսանում է մեղադրյալ, անձնական բնույթի հարցերի շուրջ առաջացել է խոսակցություն․ «Դատական նիստի ավարտից հետո, երբ ես ու պաշտպանյալս քայլում էինք դատարանի դիմացի փողոցով, մեզ մոտեցան 20-30 ոստիկանության ծառայողներ»,-պատմեց փաստաբանն ու նշեց, որ ոստիկանության ծառայողները ցանկացել են իր պաշտպանյալին հրավիրել ոստիկանության բաժին․ «Պաշտպանյալս իր կամքով նստել է պարեկային ծառայողների մեքենան, ինձ էլ խնդրել իր հետ գնալ որպես իր պաշտպան»։
Կարեն Ալավերդյանի խոսքով՝ երբ այցելել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնի բաժին, տեսել է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները հարվածում իր պաշտպանյալին․ «Տեսել եմ պաշտպանյալիս բերանի վրա գետնին ընկած, ձեռնաշղթաները ձեռքին ամրացված, և ոստիկանության 5-6 աշխատողներ հարվածներ էին հասցնում նրա մարմնի տարբեր մասերին։ Մոտեցել եմ պաշտպանյալիս, նրան բարձրացրել եմ, ոստիկանության ծառայողները սենյակից դուրս են եկել իմ խնդրանքով»,-ասաց նա ու հավելեց, որ կարճ ժամանակ անց նույն խումբը մտել է սենյակ ու իրեն հեռացրել սենյակից․ «Ես պահանջել եմ՝ մնալ պաշտպանյալիս մոտ, սակայն իմ նկատմամբ իրականացվել է անհարկի ֆիզիկական ուժի կիրառում, ձերբակալվել եմ, ձեռքերից հագցրել են ձեռնաշղթաներ»։
Կարեն Ալավերդյանը նշեց նաև, որ ձերբակալված լինելու ընթացքում խախտվել են մի շարք իրավունքներ՝ այդ թվում, իրեն չի թույլատրվել հանդիպել իր փաստաբանի հետ, չի թույլատրվել իր նախընտրած անձանց տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին․ «Առավելագույն 6 ժամը լրանալուց հետո միայն թույլ է տրվել ազատ արձակել ինձ»։
Փաստաբանի խոսքով՝ սենյակում բռնություն կիրառող պարեկների վրա տեսախցիկներ չեն եղել, մինչդեռ նրանք իրավունք չունեն առանց տեսախցիկների լինել։ Կարեն Ալավերդյանի խոսքով՝ իրեն ձերբակալելուց հետո նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանություն կատարելու կասկածով և ինքն այդ գործով մեղադրյալ է։
Կարեն Ալավերդյանի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել հենց հունիսի 7-ին։ Թեպետ փաստաբանը նշեց, որ մինչ օրս որևէ դատավարական փաստաթուղթ չի ստացել, սակայն ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Civic.am-ին տեղեկացրեց, որ փաստաբանի դիմումի հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ «Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով՝ խոշտանգման հատկանիշներով»,-ասաց նա։
ՆԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից էլ նշեցին, որ ոստիկանների կողմից կատարված գործողությունների հիմքով ծառայողական քննություն է ընթանում։
Նարա Մարտիրոսյան