Խաղաղություն և համախմբվածություն. Ամանորը` ապագա սպաների հետ

2025 թվականը լրագրողներով դիմավորում ենք ապագա սպաների հետ։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ենք։ Սովորույթի ուժով ցանկանում էի ասել՝ տղաները մեզ շատ բարեհամբույր դիմավորեցին, ներկայացրեցին իրենց առօրյան, փոփոխությունները, որ տեղի են ունեցել վերջին տարիների ընթացքում, սակայն ակադեմիայում, տղաներից բացի, նաև բազմաթիվ աղջիկներ են ուսանում, որոնք ապագայում համալրելու են մեր բանակի սպայական կազմը։


Երկրորդ կուրսի ուսանող, ապագա հրետանավոր էջմիածնեցի Նարեկն ասաց, որ առօրյան հագեցած է, փորձում են  մասնագիտական գիտելիքները ավելացնելուց բացի նաև ինքնակրթությամբ զբաղվել։


Նարեկը դեռ մանուկուց է ցանկացել այնպիսի մասնագիտություն ընտրել, որի շնորհիվ կկարողանա առավելագույնս  օգտակար լինել պետությանը, և երբ եկել է մասնագիտական ընտրության պահը, որոշել է՝ պետք է զինվորական դառնա։


Ըմբշամարտի բանակային աշխարհի առաջնությունում երկրորդ տեղը գրաված Էլենը երրորդ կուրսի կուրսանտ է. գոհ է այս տարվա ձեռքբերումներով։ Իսկ մենք մաղթում ենք, որ հաջորդ մրցելույթում զբաղեցնի առաջին պատվավոր հորիզոնականն ու չեմպիոնի տիտղոսով շնորհավորի մեզ բոլորիս՝ գալիք Նոր տարվա կապակցությամբ։


Ալիկը ևս դժվարություններ չի ունեցել մասնագիտության ընտրության հարցում։ Դեռ մանկուց որոշված էր՝ զինվորական է դառնալու, ինչպես հայրը։


Ալիկը Նոր տարին տանն է դիմավորելու՝ Չարենցավանում, ծնողների, ընտանիքի անդամների հետ։ Նա շեշտում է՝ իր ուսանելու չորս տարիների ընթացքում շատ բան է փոխվել ակադեմիայում դեպի դրականը ու դեռ փոխվում է։ Լեզուներ են ուսումնասիրում՝ ինքը տիրապետում է ռուսերենին և անգլերենին։


Մեզ դիմավորեցին նաև ակադեմիայի լեզվի կենտրոնում։ Պատիվ ունեցանք ծանոթանալու կենտրոնի ղեկավար Անահիտ Հակոբյանի հետ, ով էլ ծանոթացրեց իրենց գործունեությանը, նպատակներին։

 

Մենք ևս միանում ենք հնչած բոլոր շնորհավորանքներին ու մաղթում Հայաստանին, ՀՀ քաղաքացիներին խաղաղություն, երջանկություն ու բարեկեցություն։ Բանակին՝ ուժ, տոկունություն, հաղթանակներ։ Շնորհավոր Նոր տարի։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան