«Կարծում եմ՝ 2024 թվականը միանշանակ ավելի լավն էր, քան նախորդ՝ 2023 թվականը։ Եկեք հիշենք, որ 2023 թվականին հայությունը զրկվեց իր կենսատարածքի մի մեծ հատվածից։ Հազարամյակներով Արցախում ապրող հայերն այլևս Արցախում չեն: 2024 թվականն այս առումով որոշակի կայունություն մտցրեց, և ես գնահատում եմ, որ սա քայլ առաջ է նախորդ տարվանից, նույնիսկ նախորդ 3-4 տարիներից»,- Civic.am-ի հետ զրույցում ամփոփելով քաղաքական տարին՝ ասաց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
Քաղաքագետը մյուս կողմից առաջընթաց քայլ է նկատում Հայաստանի արտաքին քաղաքականության
ուղղությամբ՝ հիշեցնելով, որ ապրիլի 5-ին տեղի ունեցավ մի հանդիպում, որը, կարելի է
ասել, շրջադարձային էր Հայաստանի համար, և ՀՀ-ն դրանից հետո զարգացումներում իրեն ցույց
է տալիս որպես հավատարիմ, զարգացման հնարավորություններ ունեցող և փոխադարձաբար հարստացնող
գործընկեր, ինչը կարծես թե գնահատվում է թե՛ առանձին պետությունների, թե՛ վերպետական կառույցների կողմից։
«Եվ եթե Հայաստանը շարունակի աշխատել
նման կերպ, գուցե տեմպերի մեջ տարաձայնություններ կան՝ ես կարծում եմ, որ որոշ հարցերում
պետք է ավելի շտապել, Հայաստանի իշխանությունները այդպես չեն կարծում, բայց ընդհանուր
վեկտորը, կարելի է ասել, բավականին նպատակային է, և առաջընթաց մեծ հավանականությամբ
կլինի»,- նշեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ 2024-ի հիմնական բացթողումը
նույն բացթողումն է, ինչը տարբեր առիթներով նաև նշել է 2023 թվականի վերջին. դա արդեն
նեխած պալարներից հրաժարվելու Հայաստանի իշխանությունների անկարողությունն է, խոսքն
առաջին հերթին վերաբերում է ՀԱՊԿ կոչվող այդ մեռյալ կազմակերպությանը, բայց նաև որոշակի
փոխհարաբերություններ Հայաստանի և հետխորհրդային տարածաշրջանի որոշ պետությունների
միջև: Այստեղ կարող ենք նշել Հայաստան-Բելառուս հարաբերությունները, որոնք իսկապես
նեխել են և այնպես են նեխել, որ հոտը փչում է ամբողջ տարածաշրջանում, բայց նաև Հայաստան-Ռուսաստան
փոխհարաբերությունների որոշ ասպեկտներ՝ կապված տնտեսական ուղիների հետ, և այլն։
«Բացթողում է նաև ՀՀ-ի համար այն,
որ դեռևս Բայդենի իշխանության ժամանակաշրջանում Հայաստանը չհասցրեց ռազմավարական մակարդակի
հասցնել հայ-ամերիկյան հարաբերությունները, չհասցրեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր
ստորագրել, թեև այնտեղ իհարկե օբյեկտիվ, բավականին լուրջ պատճառներ կան, Հայաստան-Ֆրանսիա
փոխհարաբերությունները, հատկապես ռազմական
փոխհարաբերությունները դեռևս չեն տարածվել ԵՄ մյուս երկրների հետ փոխհարաբերությունների
վրա, որոշ բացառություններով։ Այս ուղղություններով անհրաժեշտ է շարունակել ինտենսիվ
աշխատել»,- նշեց քաղաքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան