«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին։ Այդ օրը ամբաստանյալին հնարավորություն կտրվի հանդես գալ վերջին խոսքով, և դատավորը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։ Այս մասին
Civic.am-ին հայտնեցին դատավոր Վահե Միսակյանի աշխատակազմից։
Նշենք, որ Վազգեն Մանուկյանի գործով վերջին նիստը կայացել էր մայիսի 29-ին, որի ժամանակ մեղադրող ու պաշտպանական կողմերը հանդես եկան ճառերով, և հանրային մեղադրողը դատարանից պահանջեց ամբաստանյալ Մանուկյանին ճանաչել մեղավոր և որպես պատիժ ընտրել տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով։
Թե ինչու է միայն չորս ամիս հետո պարզ դառնալու՝ դատարանը մեղավո՞ր է ճանաչելու Վազգեն Մանուկյանին, թե՞ արդարացնելու է նրան, Վահե Միսակյանի աշխատակազմից արձագանքեցին. «Կողմերի արձակուրդում գտնվելու պատճառով՝ մենք հուլիս ամսին ենք արձակուրդում, դատախազը՝ օգոստոսին, սեպտեմբերին ծանրաբեռնվածություն կա»։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը մեղադրվում է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքների ժամանակ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար:
Նարա Մարտիրոսյան