2020 թվականից հետո 2024 թվականը ներքաղաքական լարումների տեսանկյունից խիստ վայրիվերումներով չանցավ։ Քաղաքագետ Գագիկ Քամալյանը այսպիսի գնահատական տվեց 2024-ի ներքաղաքական իրավիճակին։
Չնայած հանրահավաքներին, տեղի
ունեցած բախումներին, քաղաքագետի կարծիքով, այս տարվա ընթացքում հասարակության մեջ
խորը հակասությունների ճգնաժամ չառաջացավ։ «Այն զանգվածը, որը պետք է ընդվզեր, ընդվզեց,
բայց այդ զանգվածի ընդվզումը չէր կրում համաժողովրդական բնույթ։ Այո՛, բավական մեծ
քանակությամբ մարդ առաջին օրը հավաքվեց, բայց դա այն զանգվածը չէր, որ կարող էր երկարաժամկետ
պայքարի դուրս գալ, հեղափոխություն իրականացնել։ Այդ իսկ պատճառով հարաբերական իմաստով
հավասարակշռված տարիներից մեկն էր»,- ասաց Գագիկ Քամալյանը։
Անդրադառնալով տարվա ընթացքում
տեղի ունեցած պաշտոնանկություններին՝ վերջինս
նկատեց, որ անգամ եթե դա նախընտրական տրամաբանություն է ունեցել, ապա դրա մեջ վատ բան
չկա։ «Դրանում որևէ դատապարտելի բան չկա, եթե անգամ Փաշինյանը սկսել է իր նախընտրական
քարոզարշավը։ Բայց համարել, որ միայն նախընտրական պատճառներով էին այդ փոփոխությունները՝
կլինի մոլորություն»,- ասաց Քամալյանը։
2025-ին ներքաղաքական զգայուն
հարց կարող է լինել կրկին սահմանազատումը՝ թե՛ այն շարունակվելու, թե՛ չշարունակվելու
դեպքում, խաղաղության պայմանագրի հարցը և այլն։
«Սահմանազատման հարցը շատ զգայուն
թեմա է և միշտ էլ կարող է օգտագործվել ներքաղաքական կոնտեքստում, բայց, կարծում եմ,
հասարակության մեծամասնությունը խաղաղության կողմնակից է, հասկանում է, թե ինչ վտանգներ
կարող է իրենից ներկայացնել հնարավոր պատերազմը, հետևաբար այդ ուղղությամբ լարումները
կունենան լոկալային բնույթ, նույն շրջանակների կողմից, բայց ընդհանուր հասարակությունը
բողոքի ալիքի մաս չի կազմի։ Իշխանության հիմնական խոցելի տեղը այս նոր հարկային օրենքի հետ կապված կլինի»,-
նշեց քաղաքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան