«Իմ կարծիքով՝ հետաքրքիր տարի էր, ներքին քաղաքականության առումով որոշակի հստակություններ մտան, մենք նաև տեսանք, որ քաղաքական դաշտն ընդհանուր առմամբ պատրաստվում է հերթական ընտրությունների։ Բավականին շուտ են քաղաքական ուժերը սկսել դրան պատրաստվել, ու դա, կարծում եմ, բավականին դրական բան է, որովհետև ընտրությունների պետք է պատրաստվել ընտրությունների հաջորդ օրվանից սկսած։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ Հայաստանում ինչ-որ տեղ նաև քաղաքական մշակույթ է ձևավորվում այս առումով»,- Civic.am-ի հետ զրույցում ամփոփելով 2024 թվականը՝ ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։
Նրա խոսքով՝ մենք նաև տեսանք,
որ արտաքին քաղաքականության ոլորտում բազմաթիվ առաջխաղացումներ կան, և Հայաստանի ու
Արևմուտքի միջև հարաբերությունները գնալով խորանում են։
«Հիշենք այն մասին, որ վիզայի
լիբերալիզացիայի մասին բանակցությունները մեկնարկեցին հենց այս տարի։ Նաև արձանագրենք
այն փաստը, որ ուղղակի Հայաստանը շարունակեց այն գիծը, ինչը որ վերջին տարիներին տանում
էր՝ արտաքին քաղաքականության առումով: Մենք դեռ դուրս չենք եկել ՀԱՊԿ-ից, բայց այդ
սառեցված կարգավիճակը կարծես թե ավելի է սառում, և կան նախադրյալներ, որ հաջորդ տարի
միգուցե ֆորմալ առումով այդ չմասնակցելը հանգուցալուծում ունենա, և Հայաստանը նաև կարող
է դուրս գալ ՀԱՊԿ-ից: Որոշակի ֆորմալ վերանայումներ կարող են լինել նաև Ռուսաստանի
հետ ռազմաքաղաքական հարաբերությունների տեսակետից»,- ասաց քաղաքագետը։
Խոսելով նաև 2025 թվականի ակնկալիքներից՝
քաղաքագետն ասաց, որ իհարկե կուզենար, որ այն զգուշավոր լավատեսությունը, որը կարող
է լինել հայ-ադրբեջանական կարգավորման հետ
կապված, վերածվի նրան, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նորմալիզացիայի գործընթաց տեղի
ունենա, ստորագրվի հարաբերություների նորմալիզացման մասին որևէ փաստաթուղթ և հստակեցվի
Հայաստանի եվրաինտեգրացիայի ուղին։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան