Հրդեհաշիջման տարածքում բաց օջախներ չկան. ՆԳՆ-ն՝ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում հրդեհի մասին

Հունվարի 5-ին, ժամը 08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։


ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։ 


Ժամը 14:55-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 137 հրշեջ-փրկարար։


Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակում են ոտքով։

Դեպքի վայրում են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանն ու փ/ծ փոխգնդապետ Արթուր Վարդանյանը։


Նախնական տվյալներով՝ այրվում է խոտածածկույթ, մացառուտ, թափուկներ և չորացած ծառեր։


Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ՊՆ մեկ ուղղաթիռ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին։


Ժամը 19։00-ի դրությամբ հրդեհաշիջման տարածքում բաց օջախներ չկան․ ՓԾ ստորաբաժանումների կողմից սահմանվել է հերթապահություն։