«Հումանիտար իրադրությունը ԼՂ-ում շարունակում է սրվել: Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շարունակվում է՝ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի ս.թ. փետրվարի 22-ին կայացրած միրջանկյալ որոշման»,- այսօր՝ հունիսի 22-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ Լաչինի միջանցքով չեն շարժվում ո՛չ քաղաքացիներ, ո՛չ տրանսպորտային միջոցներ, ո՛չ բեռներ, և արգելվել է նույնիսկ Կարմիր խաչի մեքենաների երթևեկությունը:
Ինչպես ընդգծեց վարչապետը, Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը և Դատարանի որոշման ապահովումը միջազգային օրակարգի հիմնահարց է. «Այդ որոշման չկատարաումն ու արհամարհումը բերել է հումանիտար ճգնաժամի. ԼՂ բնակչությունը զրկված է բնական գազի, էլեկտրական էներգիայի արտաքին մատակարարումներից: Դադարեցված են սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների արտաքին մատակարարումները, դեղորայքի էական դեֆիցիտ է արձանագրված, նույնիսկ ծանր հիվանդներին տեղափոխելու հնարավորություն չի տրվում: Ամեն ինչ արվում է ԼՂ հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու համար: Հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որի մասին տարիներ շարունակ ահազանգում ենք»:
Այնուհետև վարչապետը նշեց, թե ինչպես են պատկերացնում իրադրության լուծումը՝ մասնավորապես նշելով, որ պետք է կատարվի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: