Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիվանագետների համաժողովում
անդրադարձել է նաև ԼՂ խնդրին ու դրանում ՌԴ դերակատարությանը։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը «փոխել է իր դաշնակցին
և Ղարաբաղում աջակցել Ադրբեջանի գործողություններին՝ ագրեսիա իրականացնելով Հայաստանի
դեմ։ Եվ դա տեղի
է ունեցել այն պատճառով, որ հայերը չեն ենթարկվել իրեն»։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ
Ռուբեն Մեհրաբյանի հետ։
«Այո, ըստ էության, Էմանուել
Մակրոնը փաստն է արձանագրում, որը արձանագրվում է Փարիզում, բայց, ցավոք սրտի, Երևանում
այն արձանագրվում է մասնակիորեն, որովհետև մեզ մոտ Ռուսաստանը շարունակում է մնալ,
այսպես ասած, նորմալիզացված, մինչդեռ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը չի կարող լինել
այլ կերպ, քան Ադրբեջանի։ Այնպես, ինչպես ադրբեջանական զորքը չի հանդուրժվում ՀՀ տարածքում,
նույնը պետք է վերաբերի ռուսական զորքին»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
Ավելի ուշ Մակրոնի հայտարարությանն
արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն
և հայտարարել, որ Ֆրանսիայից պահանջում են վերջ տալ այն քայլերին, որոնք չեն ծառայում
խաղաղությանը և խաթարում են կայունությունը տարածաշրջանում: «Մենք խստորեն դատապարտում
ենք Ֆրանսիայի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի
ինքնիշխանությունը նրա տարածքների նկատմամբ, Հայաստանին նախապատրաստում են ռևանշիզմի
և իրականացնում այս երկրի լայնածավալ զինում այն ժամանակ, երբ տարածաշրջանում խաղաղության
համար իրական պայմաններ են ստեղծվում»,- նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Այս առումով էլ Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Ի
վերջո Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ
սովետի ժամանակվա «Պրավդա» և «Բակինսկիյ ռաբոչիյ» թերթերի ոգուն, ինչը բնական է, որովհետև
չեկիստի որդի է ղեկավարում Ադրբեջանը, ընտանեկան դիկտատուրա է։ Այս հայտարարություններին
պետք է մոտենալ փիլիսոփայորեն, որովհետև այդ հայտարարության մեջ տասը բառից տասնմեկը
սուտ է՝ այնպես, ինչպես և իրենց սիրելի Ռուսաստանը»։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան