Ալիևը մտահոգ է. Ադրբեջանը՝ որպես միասնական պետություն, կարող է չմնալ. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, կարևորելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, նշում է, որ Մակրոնը դա արել է նաև Թրամփի համար։ Դա շատ կարևոր մեսիջ է, որովհետև Ադրբեջանը փորձում է աշխարհին հասցնել, թե իբր Հայաստանը տարածաշրջանում Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ Մակրոնը ցույց է տալիս, որ իրականում հենց Ադրբեջանն է այստեղ ՌԴ ներկայացուցիչը։


Իսկ Ադրբեջանի կողմից հայտարարությունները, թե հայկական կողմը ռևանշի է պատրաստվում, և կեղծ տեղեկությունների տարածումը, թե Հայաստանը խախտում է հրադադարը, Գրիգորյանը մեկ ամբողջության մեջ է տեսնում. «Եթե Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը ռևանշի է պատրաստվում, ուրեմն պետք է ապացուցի, որ դա այդպես է։ Երբ ասում է, թե Հայաստանը կրակում է, փորձում է ցույց տալ, թե ինքը ճիշտ է, որ Հայաստանը ռևանշի է պատրաստվում»,- կարծում է Գրիգորյանը։


Քաղաքագետը կասկած չունի, որ Ադրբեջանը գործողությունների է պատրաստվում, սակայն եթե Հայաստանն աշխատի այնպես, ինչպես դա անում է վերջերս, Ադրբեջանը ռիսկի չի դիմի. «Ադրբեջանը միշտ պատրաստվում է հարձակվելու, որպեսզի ճնշի մեզ՝ բանակցությունների ժամանակ ավելի շատ բան կորզելու համար»։


Ալիևը, քաղաքագետի կարծիքով, ցանկանում է գնալ խաղաղության, սակայն փորձում է առավելագույնը քաղել։ «Ալիևը անհանգստանում է, քանի որ իրենից հետո չգիտի, թե ինչ է լինելու։ Շատերը չեն հասկանում, թե ինչքան փխրուն է վիճակը Ադրբեջանի ներսում։ Ալիևը դաժան ճնշումների միջոցով պահում է դրությունը, բայց դա չի կարող հավերժ լինել։ Ու ինքը մտածում է՝ ինձնից հետո ի՞նչ է լինելու։ Պնդում եմ՝ Ադրբեջանը՝ որպես միասնական պետություն, կարող է չմնալ։ Դրա պատճառով Ալիևն ուզում է այնպես փակել ԼՂ հիմնահարցը, որ բոլոր հարցերը  մոռացվեն»,- ասում է Ստեփան Գրիգորյանը ու ուշադրություն հրավիրում մյուս բռնատիրություններին, թե ինչով ավարտվեցին վերջիններիս ռեժիմներն ու ինչ իրավիճակներում հայտնվեցին նրանց ղեկավարած երկրները։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան