Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Տիգրան Առաքելյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որում պնդում է, թե մի քանի օր առաջ իրեն բերման են ենթարկել ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ և բռնության են ենթարկվել:
«Այդ օրն առավոտյան մեր տուն եկան՝ խուզարկության, որին չեմ մասնակցել։ Ինձ տեղափոխեցին Երևանի քննչական վարչություն, որտեղ իմ հանդեպ շատ վատ վերաբերմունք դրսևորեցին։ Ինձ այնտեղ պահել են 11 ժամ, որից մոտ 8-9 ժամը եղել եմ ձեռնաշղթաներով՝ ձեռքերս ետևս ծալած։ Ենթարկվել եմ ծեծի, հայհոյանքների, շանտաժի, սպառնալիքների ընտանիքիս հասցեին։ Ինձ ասել են, որ կնոջս և երեխայիս այլևս չեմ տեսնելու. մեքենա կգցի տակը, տունը կհրդեհվի... ինչ-որ բան կպատահի տնեցիներիս։ Ասել են, որ ինձ «ընտանիքով են վերացնելու»։ Ասողը եղել է, ոչ ավել, ոչ պակաս, քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը»,- հրապարակված տեսանյութում հայտնում է Տիգրան Առաքելյանը՝ չմանրամասնելով, թե քրեական ի՞նչ գործի շրջանակներում է ձերբակալվել։
Տիգրան Առաքելյանը նշում է, որ ավելի ուշ կհայտնի, թե խոսքը ինչ քրեական գործի մասին է՝ միաժամանակ նշելով, որ իրեն խոշտանգելու մասին դիմումներ է ուղարկել ԱԱԾ, վարչապետի աշխատակազմ և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Այդ դիմումներում, ըստ Առաքելյանի, նա մանրամասնել է, թե քրեական ինչ գործի մասին է խոսքը։
ՀՀ Քննչական կոմիետից Civic.am-ին հայտնեցին, որ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է դատարան ներկայացվելու նպատակով՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 10-րդ կետերով և 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով (Խոշոր չափի շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և օժանդակությունը դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքին կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելուն կամ նրանց գույքը ոչնչացնելուն կամ վնասելուն կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելուն)։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանը այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք է կիրառել։
Տիգրան Առաքելյանը նշում է, որ իր խոշտանգմանը մասնակից է եղել նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Խոշտանգման մասին հայտարարությանը Քննչականից պատասխանեցին, որ չեն մեկնաբանում անհիմն, օդից արված հայտարարությունները։ «Դրա համար կա իրավական ընթացակարգ։ Անձը, եթե համարում է, որ իր նկատմամբ կատարվել է հանցագործություն, տվյալ դեպքում՝ խոշտանգում, ինչպես պնդում է, կարող է օգտվել այդ ընթացակարգից, քննություն կարվի, կպարզվեն հանգամանքները»,- ասացին Քննչականից։
Վովա Հակոբյան