Տիրան Խաչատրյանը պահը բաց թողեց․ նրա մեջ խոսեց նախկին դաշնակցական լինելը. Անդրանիկ Քոչարյան

«Քննիչը որոշում է կայացրել՝ իր ձեռքի տակ ունենալով ապացույցներ, և դատարանը կալանավորելու որոշում կայացրեց։ Հիմքերը, կարծում եմ, բավականին ծանրակշիռ են»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Տիրան Խաչատրյանի կալանավորմանը։


Քոչարյանը նշեց, որ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող քննիչ հանձնաժողովը Տիրան Խաչատրյանին ևս հրավիրել էր, և նա հնարավորություն ուներ իր խոսքը տեղ հասցնելու, բայց Խաչատրյանը չի գիտակցել դա ու չի ներկայացել. «Եվ Տիրան Խաչատրյանը, և Օսկանյանը հրաժարվել են գալ և պատասխանել քննիչ հանձնաժողովի հարցերին։ Իր մեջ խոսել է նախկին դաշնակցական լինելը, ու քաղաքական ուժերը թույլ չեն տվել գալ ու ներկայանալ քննիչ հանձնաժողովին, և նա հրաժարվել է ներկայանալ։ Տիրան Խաչատրյանը սխալ թույլ տվեց և չներկայացավ քննիչ հանձնաժողովին, նույն սխալը թույլ է տվել Մովսես Հակոբյանը»։


Քոչարյանի կարծիքով՝ երբ խոսում են ԼՂ հարցից, ապա պետք է հիշել Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները. «Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ասի, որ այն ժամանակ առաջարկել է, որ ուժեղի դիրքերից պետք է գնալ զիջումների, որովհետև հակառակ դեպքում պատմությունը մեզ չի ներելու, քանի որ հակառակորդը ուժեղանում էր։ Բայց եղավ իշխանափոխություն, որից օգտվեցին երկու մարդ՝  Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը»։


Պատգամավորն ասաց, որ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերը հազարներով են. «Մինչև հիմա քննվում են գործեր, ու որոշ քաղաքական ուժեր դարձնում են քննարկման առարկա։ Քննիչ հանձնաժողովի աշխատանքները կներկայացվեն։ Դրանում շատ կարևոր փաստաթղթեր են ներառված»։


Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան