Ոստիկանները վնասազերծել են հետախուզվողին և ձերբակալել

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող 29-ամյա տղամարդը գտնվում է Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի տներից մեկում։


 

«Ոստիկանները մեկնել են հիշյալ տուն և հետախուզվողին առաջարկել՝ իրենց հետ կամովին ներկայանալ Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանում։

Երիտասարդը, սակայն, դանակով հարձակվել և փորձել է հարվածել ոստիկանի կրծքավանդակին։ Ոստիկանը հասցրել է բռնել դանակի շեղբը, և վնասվել է միայն ձեռքը:


 

Միջամտել են մարմնական վնասվածք ստացած ոստիկանի գործընկերները, սակայն 29-ամյա երիտասարդը փորձել է աջ ձեռքին եղած դանակով հարվածներ հասցնել նաև նրանց։ Իսկ երբ ոստիկանները բռնել էն նրա աջ ձեռքը՝ ձախով նա գրպանից հանել է նռնակ ու սպառնացել քաշել պայթուցիչի օղակը:


 

Քրեական ոստիկաններին ի վերջո հաջողվել է նաև խլել նռնակը, վնասազերծել և ձերբակալել տղամարդուն։ Նա տեղափոխվել է Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է ևս մեկ նռնակ՝ պայթուցիչով։


 

Մարմնական վնասվածք ստացած ոստիկանը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ: